ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Չիլիի «Ծիծեռնակ» հայկական երգչախմբի հիմնադիր Նելսոն Բալոյանին

Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Չիլիի հայկական համայնքի խորհրդի անդամ, «Ծիծեռնակ» հայկական երգչախմբի հիմնադիր Նելսոն Բալոյանին:

Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց օտար ափերում հայ մշակույթը, լեզուն, ինքնությունը պահպանելու նրա ազգանվեր գործունեությունը: Նա ներկայացրեց նախարարության ծրագրերը, և մասնավորապես նշեց. «Շատ կարևոր է, որ երիտասարդները գան Հայրենիք, մասնակցեն մեր ծրագրերին, ծանոթանան մեր պատմությանը, մշակույթին, հայերեն խոսեն, շփվեն աշխարհի տարբեր երկրներից եկած իրենց հասակակիցների հետ, իրենց հետ տանեն հայկականություն ու ջերմ հիշողություններ: Նրանք կդառնան Հայաստանի երիտասարդ դեսպանները համայնքում: Ավելի կամրանա կապը Հայաստանի և Սփյուռքի միջև: Հայաստանը  միշտ ներկա պիտի լինի համայնքում»:

Քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» համահայկական  6-րդ համաժողովին մասնակցության և այլ աշխատանքային, կազմակերպական հարցեր, նախանշվեցին համագործակցության շրջանակները, կազմակերպական մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցերին, սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

Նելսոն Բալոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ առաջին անգամ Հայաստանում են գտնվում «Ծիծեռնակ» երգչախումբի անդամները: Երգչախումբը ստեղծվել է հայ երիտասարդներին օտար ափերում ազգային երգ-երաժշտությանը ծանոթացնելու նպատակով: Երգչախումբը ելույթ է ունենում մշակութային կենտրոններում և եկեղեցիներում՝ ազգային, եկեղեցական և պետական տոների ժամանակ: Երգչախմբի երգացանկում ընդգրկված են Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի և նշանավոր այլ հայ երգահանների ստեղծագործություններից: Երգչախմբի կազմում ընդգրկված են 10 երիտասարդ:

Scroll Up