Իմ գործունեության ոլորտը երկու թև ունի՝ թատրոն և գրականություն. Անուշ Ասլիբեկյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/05/Անուշ1.jpg)
Թատերարվեստի, աշխատանքային գործունեության և գրականության արդի խնդիրների մասին է «Հայերն այսօր»-ի հարցազրույցը գրող, ՀՀ գրողների միության անդամ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի հետ:
– Անո´ւշ, ստեղծագործական ի՞նչ ուղի եք անցել:
-Ամեն բան սկսվեց բուհի ընտրությունից, ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, թատերագիտական ֆակուլտետն ավարտելուց հետո՝ հրավիրվեցի դասավանդելու նույն ինստիտուտի Արվեստի պատմության և տեսության ամբիոնում: Միաժամանակ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող եմ: Իսկ գրականությունն ինձ հետ է մանկությունից: 2009թ. առաջին՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» (պատմվածքներ և մեկ պիես) ժողովածուիս լույս ընծայումից հետո՝ առաջին քայլերս արեցի նաև դրամատուրգիայի ոլորտում: 2010թ. գրքում զետեղված «Թռիչք քաղաքի վրայով» պիեսս բեմադրվեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան): Ներկայացումը մասնակցել է 10-ից ավելի միջազգային թատերական փառատոների՝ ստանալով մի շարք գլխավոր մրցանակներ:
2015 թվականին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվեց իմ «Մերսեդես» պիեսը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան): Գլխավոր դերի համար ԱՄՆ-ից հատուկ հրավիրվեց սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին:
Պիեսն անմիջականորեն Հայոց ցեղասպանության իրադարձությունների մասին չէ, այլ՝ հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա թողած հետևանքների: Ներկայացվում է 1948 թվականի մեծ ներգաղթի ժամանակ Հայաստան եկած Զարուհու և իր ընտանիքի պատմությունը:
Ներկայացման երաժշտությունը գրել է ամուսինս՝ երաժիշտ Վահան Արծրունին, որը 2015 թվականին արժանացավ Ազգային թատերական ամենամյա «Արտավազդ» մրցանակին` «Ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն» անվանակարգում: «Արտավազդ» մրցանակին արժանացավ նաև երիտասարդ դերասանուհի Նառա Սարգսյանը՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում: 2016-ին «Մերսեդես» ներկայացումը հրավիրվեց մասնակցելու «Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին», որտեղ, չնայած լեզվական խոչընդոտին, ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Ներկայացմանը ներկա են գտնվել նաև Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ.Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, որոնց հրավերով «Մերսեդեսը» խաղացվել է տեղի հայկական մշակութային կենտրոնում. երկու երեկո լեփ-լեցուն դահլիճներով՝ հայ համայնքի համար:
2015 թվականին Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի կողմից առաջարկ եմ ստացել գրելու Կոմիտաս վարդապետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող պիես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Կոմիտաս. Լույս բարեբեր» պիեսը հայ-ռուսական համատեղ նախագիծ էր, բեմադրիչներն էին Իվան Լատիշևը և Սանկտ Պետերբուգում բնակվող ռեժիսոր, բեմադրիչ Համլետ Հայրապետյանը: Ներկայացման մեջ Վահան Արծրունին ոչ միայն երաժշտական ձևավորման հեղինակն էր, այլև՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի հետ գործող անձ էր և կատարող:
Սանկտպետերբուրգաբնակ հայերը հնարավորություն ունեցան Վարդապետի կյանքի ամենակարևոր, շրջադարձային իրադարձությունների մասին ներկայացում դիտելուց բացի, լսել նաև Վահան Արծրունու երգերը՝ «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա:
Լրագրողական ասպարեզում էլ աշխատանքային փորձ ունեմ: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու տարիներին զգալով, որ ուսանողական մամուլի կարիք կա՝ հիմնադրեցի և ուսումնառության տարիներին խմբագրեցի «Արվեստ» ուսանողական ամսագիրը։
2014 թվականին լույս է տեսել իմ երկրորդ՝ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն (խմբագիր՝ Դավիթ Մուրադյան): Բացի այդ, նշեմ, որ ստեղծագործություններս ներկայացված են մի քանի լեզուներով՝ տեղի ու արտերկրի գրական մամուլում և մի շարք գրական անթոլոգիաներում (ծաղկաքաղ):
Վերջերս գերմանաբնակ գրող Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ Գերմանիայում լույս տեսավ հայ ժամանակակից պոետների անթոլոգիան: Գերմանական հայտնի հրատարակչության (Größenwahn Verlag Frankfurt am Main, 2017) պատվերով տպագրված հայ ժամանակակից բանաստեղծների «Հայաստանի սիրտը»(«Armeniens Herz») ժողովածուում, հուրախություն ինձ՝ ընդգրկված են նաև իմ բանաստեղծությունները:
–«Մերսեդես» պիեսը գրելիս՝ ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
-Ականջալուր լինելով Հայաստանում հաստատված Հայոց ցեղասպանության վերապրածների շառավիղների պատմություններին՝ հարուստ նյութ քաղեցի պիեսիս համար:
Ինձ շատ են օգնել լուսահոգի սկեսուրիս՝ Նարիս Արծրունու պատմած պատմություններն իր հայրենադարձ ընկերների մասին: Ծաղկաքաղ անելով այդ պատմությունները՝ մի օր նրան գրքի տեսքով անակնկալ մատուցեցի: Այս է պատճառը, որ գիրքը նվիրեցի նրան:
– Հե՞շտ է երաժշտի կին լինելը:
-Ես կասեի հաճելի է երաժշտի, արվեստագետի, ազնիվ մտավորականի կին լինելը: Իրար հետ համագործակցում ենք ու ոգշնչվում: Մեր գործունեությունը հպման մի կետ ունի՝ թատրոնը: Պիեսներիս բեմադրությունների երաժշտությունը հիմնականում Վահան Արծրունին է գրում: Նշեմ նաև, որ համատեղ ամուսնությունից երկու երեխա ունենք՝ Անաիսը և Անդրեասը:
–Սփյուռքի հայկական համայնքների հետ համագործակցությունն ինչպե՞ս է ստացվում:
-Ի տարբերություն ամուսնուս՝ Սփյուռքի հետ հաստատված բազմամյա ստեղծագործական կապին, իմ կապը հայկական համայնքների հետ տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված վերոնշյալ բեմադրությունից հետո միայն: Ցավոք, մյուս բեմադրությունները Սփյուռքում ներկայացնելու առիթ դեռևս չի եղել, միայն, երբ որևէ երկրի միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր ենք ունենում, այդ առիթից օգտվելով՝ հայ համայնքները դիմում են մեզ՝ նաև իրենց համար խաղալու առաջարկով: Եվ սա ամենամեծ խնդիրն է:
–Կոմիտասի երաժշտությունը Ձեզ միշտ ուղեկցու՞մ է:
-Անշուշտ: Ոչ միայն երաժշությունը, այլև նրա անձը՝ որպես մեծ հայրենասեր, արվեստի իսկական մշակ, ուղեկցում է ինձ: Ապշեցուցիչ է. նա կարողացել է իր լուռ, անդադրում, նպատակասլաց աշխատանքով բյուրեղացնել հայկական մշակույթը, ակունքները մաքրել և փոխանցել մեզ՝ ապագա սերունդներիս՝ որպես անգնահատելի պարգև ու գանձ: Առհասարակ, կոմիտասյան բոլոր ստեղծագործությունները հոգեհարազատ են ինձ:
–Վերջերս հանդիպել եք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Ի՞նչ թեմաների շուրջ եք քննարկում ծավալել:
-Քանի որ Սփյուռքում հայկական դրամատուրգիան լավ չի ներկայացված, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ քննարկեցինք այն աշխարհասփյուռ հայերի շրջանում տարածելու հետ կապված հարցեր: Նախարարը պատրաստակամորեն համաձայնեց համապատասխան քայլեր ձեռնարկել և համագործակցության մեջ լինել: Սփյուռքյան համայնքներում պետք է հայ ժամանակակից դրամատուրգներին ճանաչելի դարձնել:
–Արվեստի տարբեր ճյուղերով եք զբաղված: Չէիք ասի, թե ո՞րն է հատկապես Ձեզ հոգեհարազատ:
-Առհասարակ, իմ գործունեության ոլորտը երկու թև ունի՝ թատրոն և գրականություն: Մասնագիտությամբ թատերագետ եմ, բայց հոգիս, էությունս ու կենսակերպս՝ գրականությունն է, գրող եմ՝ անկախ ժանրային բազմազանությունից:
Ինչ վերաբերում է թատրոնին, սկսած 1998թ., թատերախոսականներս ու գիտական հոդվածներս պարբերաբար տպագրվում են մամուլում: Այժմ պատրաստում եմ «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բեմականության հարցը» թեմայով գիտական թեզը: Սա մի թեմա է, որը մինչև այժմ լիարժեքորեն չի ներկայացվել:
Վիլյամ Սարոյանի մասին մենք շատ քիչ բան գիտենք, մեր իրականության մեջ Սարոյանն իբրև արձակագիր ուսումնասիրված է, սակայն, որպես դրամատուրգ՝ ոչ այնքան: Իմ նպատակն է գիտականորեն հետազոտել, գտնել այն կարևոր հենքը, որն էլ բեմական է դարձնում այս դրամատուրգիան և ուղղորդել բեմադրիչներին, ընթերցողներին: Ընդունված է համարել, թե Սարոյանը շուրջ 15 պիեսների հեղինակ է, սակայն նա մոտ 250 պիեսի ունի, որոնց մեծ մասը թարգմանված չէ, մի մասն էլ անտիպ են:
–Ժամանակակից գրողների մասին ի՞նչ կասեք:
-Սա նույնպես խնդիր է, կարծում եմ՝ ժամանակակից հայ գրողները լավ չեն ներկայացված: Այսօր էլ նրանց կողմից ստեղծվում է փառահեղ գրականություն, ունենք հրաշալի գրողներ, սակայն պետք է նրանց ներկայացնել ոչ միայն մեր ընթերցողներին, այլև թարգմանաբար՝ դրսում: Ժամանակն է նաև դասագրքերում ընդգրկել ժամանակակից գրողների ստեղծագործությունները, նրանց հետ պարբերաբար հանդիպումներ կազմակերպել՝ վերականգնելով նախկին ավանդույթը:
Համացանցը նույնպես քիչ դեր չունի գրողի հանրահռչակման գործում, օրինակ՝ Ֆեյսբուքում գրականագետ Անի Փաշայանը ստեղծել է «Գրականություն» փակ խումբը, որը գործում է 2014 թվականից: Այս բովանդակալից խմբում ամեն օր օգտատերերը կարող են կարդալ ժամանակակից գրողների ստեղծագործությունները, ծավալել բանավեճ գրականության և արվեստի շուրջ, ազատորեն մասնակցել տեղադրված նյութերի շուրջ ծավալված բանավեճերին: Էջը նպատակ ունի հայտնաբերել և ներկայացնել գրական նոր անուններ:
–Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը:
-Այս պահին հիշեցի գրասեղանս, որը ծանրաբեռնված է հիմնականում մասնագիտական, թատերագիտական, տեսական գրականությամբ, նաև՝ Վիլյամ Սարոյանի գրքերով՝ կապված իմ գիտական թեզի հետ:
Կրկին պետք է ասեմ, որ իմ սիրելի գրողը Վիլյամ Սարոյանն է՝ իր հրաշալի պիեսներով, «Մարդկային կատակերգություն» վեպով: Առհասարակ, իմ նախապատվությունը գրականության հարցում շատ լայն է: Սեղանիս գրքերից է նաև Կոմիտասի բանաստեղծությունների ժողովածուն, որը ժամանակին հրատարակել են Վահան Արծրունին և Այդին Մորիկյանը:
Զրուցեց Գևորգ Չիչյանը