Թուրք պատմաբանը Ցեղասպանության մասին Աթաթուրքի խոսքերով գիրք կտպի Էրդողանի համար

Թուրք հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամը հայտնել է, թե հատուկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար աշխատություն կպատրաստի, որտեղ կներկայացնի Աթաթուրքի խոսքերը հայերի տեղահանության եւ կոտորածների մասին։
Թուրքական Taraf-ում տեղադրված հրապարակման մեջ թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Դիարբեքիրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտած «Քուրդիստան» եզրույթին, որից հետո վարչապետն ասել է, թե ինքը կրկնում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի 1920-ականների քաղաքականությունն ու խոսքերը։
«Երբ Էրդողանն իր արտահայտությունները վկայակոչեց Աթաթուրքին, կարծես թե ոչ-ոք չառարկեց, սակայն Աթաթուրքը 1920-ին արտահայտություններ է արել նաեւ 1915-ի հայերի տեղահանության եւ կոտորածների մասին եւ չի ժխտել տեղի ունեցած ողբերգության փաստը, ինչն անում է ներկայիս վարչապետ Էրդողանը։
Եւ ես որոշեցի Էրդողանի համար մի գիրք պատրաստել, որտեղ կհավաքեմ 1915-ի վերաբերյալ Աթաթուրքի խոսքերը»,-գրել է Թաներ Աքչամը։