Համերգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 29-ին Նյու Յորքի Բեյսայդ շրջանի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցու «Շնորհալի» հայկական երգչախմբի «Սիրով՝ Հայաստանին» խորագրով համերգը, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:

 Համերգի սկզբում երգչախումբը կատարեց «Հայր մեր»-ը՝ մաեստրո, երգեհոնահար, «Շնորհալի» և «Արեգակ» երգչախմբերի ղեկավար-խմբավար Վաղարշակ Օհանյանի նվագակցությամբ, ապա օրհնության խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերարաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը: Համերգին միացան մենակատարներ Անահիտ Զաքարյանը, Ալվարդ Մայիլյանը, Կարինե Մալխասյանը և Համազգային հայ կրթական և մշակութային միության «Արեգակ» մանկական երգչախումբը:

 Անահիտ Զաքարյանի, Ալվարդ Մայիլյանի, Վաղարշակ Օհանյանի և «Արեգակ»-ի փոքրիկ երգիչների՝ Հայաստանին և Երևանին նվիրված բազմաթիվ երգերը, ինչպես նաև երգչախմբի ընդգրկուն երգացանկի հայտնի և նոր երգերի կատարումներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին, իսկ Կարինե Մալխասյանը դահլիճում գտնվող աղջիկներին ծաղիկներ բաժանեց: Համերգի ընթացքում հնչեց Տիգրան Չուխաջյանի օպերայից «Հոր-հոր Աղայի» քայլերգը:

 Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված «Կիլիկիա» երգի կատարման ընթացքում շատերը կարոտի ու թախծի զգացումներով  համակվեցին. հուզված էին բոլորը: Մաեստրո Օհանյանի առաջարկությամբ համերգն ավարտվեց բոլորի կողմից սիրված «Երևան-Էրեբունի» երգի կատարմամբ, որին  ձայնակցեցին դահլիճում ներկա գտնվողները: Համերգից հետո եկեղեցու ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում հանդիսատեսն իր անկեղծ շնորհավորանքը հղեց Նյու Յորքի «Շնորհալի» հայկական երգչախմբին, խմբի գեղարվեստական ղեկավարին, գործադիր հանձնաժողովին և բոլոր նրանց, ովքեր օգնել էին՝ իրականացնելու այս հիանալի ծրագիրը:

12

Scroll Up