Տեղի կունենա գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը

Մայիսի 2-ին, ժամը 16:00-ին Երևանում մոսկովյան մշակութա-գործարարական «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ Արգիշտի 7):

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանը:

2007 թվականից ի վեր բարի ավանդույթ է դարձել Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միությունների հետ համատեղ անցկացվող լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:  «Մրցանակաբաշխություն 2016»-ն յաս տարի թեմատիկ էր և անց էր կացվում «Համազգային միասնությունը որպես հավաքական ուժի, հզորության գրավական» նշանաբանով` նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանին:

Scroll Up