Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Ախալցխայի շրջանի Սազել գյուղում խաչքար է տեղադրվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/1-12-1-300x225.jpg)
Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տեր Վազգեն եպս․ Միրզախանյանի օրհնությամբ Ախալցիխեի շրջանի Սազել գյուղի Սբ․ Հռիփսիմե մատուռի բակում, ձեռամբ Ախալցիխեի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի կատարվեց խաչքարի օրհնության կարգ։ Այս մասին տեղեկացնում է akhaltskha.net կայքը:
Խաչքարը կանգնեցվեց գյուղի բնակիչ, բարերար Մարտիրոս Սողոմոնյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915թ․ Հայոց մեծ եղեռնի Սուրբ Նահատակների։ Քանդակագործը Համլեթ Մանասյանն է:
Գյուղը բնակեցվել է 1829-30թթ։ Սազելի բնակչությունը ներգաղթել են Էրզրումի Հնծա գյուղից։ Գյուղում գործում է նաև եկեղեցի, որը կրում է Սբ․ Սարգիս զորավարի անունը։ Այն կառուցվել է 1872-1973թթ։ Սուրբ Հռիփսիմե մատուռը կառուցվել է 1998թ․ ապրիլի 2-ին՝ Մառլեն Հովհաննեսի Համբարձումյանի կողմից։ Այժմ գյուղում ապրում է մոտավորապես 110 ընտանիք։