Պորտուգալիայում բնակվող հայերը մեծ աշխատանք ենք տանում երկու երկրների միջև կապերի ստեղծման համար. Լիա Խաչիկյան

Ապրիլի 5-ին «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախաձեռնությամբ Լիսաբոնի համալսարանի գրերի ֆակուլտետում (Faculdade de Letras de Universidade de Lisboa) կայացել է «Հայոց լեզվի օր» խորագրով սեմինար, որը վարել է «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» հիմնադիր անդամ Լիա Խաչիկյանը, ով Լիսաբոնում պորտուգալերեն լեզվի ու մշակույթի ուսումնասիրությամբ է զբաղվում և այսօր «Հայերն այսօր»-ի զրուցակիցն է:

– Լիա´, ի՞նչն է քեզ Պորտուգալիա բերել:

– Մասնագիտությամբ ճարտարապետ եմ: Հենց իմ մասնագիտությունն էլ 2014 թվականին ինձ բերեց Պորտուգալիա. եկա որպես ճարտարապետության ասպիրանտ: Շուտով հասկացա, որ պորտուգալերենի հանդեպ շատ մեծ հետաքրքրություն ու սեր ունեմ: Ուսումս ավարտելուց հետո որոշեցի անպայման վերադառնալ ու շարունակել պորտուգալերեն լեզվի ու մշակույթի ուսումնասիրությունը: Այսօր արդեն ողջ գործունեությունս կապված է պորտուգալերենի ուսումնասիրության հետ:

– Առաջի՞ն համագործակցությունդ է «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» հետ:

– Ո՛չ: Ես միության հիմնադիր անդամների խմբում եմ ընդգրկված: Սա ինձ համար համագործակցություն չէ, այլ մեր աշխատանքի մի մասն է կազմում: Աշխատանք, որն այս պարագայում ուղղված է  հայ-պորտուգալական մշակութային կապերի, ինչպես նաև՝ քաղաքական, գիտական, տնտեսական, մարզական և այլ կապերի զարգացմանը: Կարող ենք փաստել, որ ներկայումս երկու երկրների միջև կապն ու համագործակցությունը գրեթե բացակայում են: Այս պատասխանատու գործի կրողն էլ հենց «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունն» է՝ ի դեմս նրա բոլոր անդամների:

– Ի՞նչ եղանակով ներկայացրիր հայերենի մասին տեղեկությունները «Հայոց լեզվի օր» խորագրով սեմինար ժամանակ:

-Բավականաչափ ընդհանրական ու հնարավորինս ամփոփ:
Պորտուգալացի դիտողն առաջին անգամ էր ներկա լինում հայերենին նվիրված միջոցառման: Խնդիրը նրանց մեր  լեզվին ու մշակույթին ծանոթացնելն էր: Խոսվեց հայերենի աշխարհագրական տարածման մասին, լեզվի պատմության և զարգացման փուլերի,  գրերի ստեղծման, այբուբենի կազմության և հետագա փոփոխությունների, արևմտահայերենի և արևեահայերենի հիմնական հնչյունաբանական և բառապաշարի տարբերությունների մասին: Հայաստանի Հանրապետության և Պատմական Հայաստանի տարածքում առկա բարբառներին ևս կարճ անդրադարձ եղավ, ընդհանուր տեղեկություններ տրվեցին նաև լեզվի քերականական կառուցվածքի վերաբերյալ: Կարողացանք նաև պորտուգալացի հանդիսատեսին ծանոթացնել հայ ժամանակակից պոեզիայի հետ: Հնչեցին Հովհ. Թումանյանի, Հովհ. Շիրազի, Հ. Սահյանի և Պ. Սևակի բանաստեղծություններից մի քանիսը:

Մատուցվող թեման ամբողջական ներկայացնելու համար ամեն ինչից մի քիչ խոսեցինք, որովհետև հանդիսատեսը փոքրիկ խաղերի միջոցով ևս մասնակցություն էր ունենում. որոշ մասնակիցներ անգամ փորձ ունեցան հայերեն բառեր սովորելու և արտասանելու:
Հասկանալի է, որ նյութը բավականաչափ դժվարամարս էր օտարերկրացիների համար, այդ իսկ պատճառով փորձել էի հնարավորինս ինտերակտիվ և թեթև դարձնել ներկայացումը: Այդ գործում անչափ օգնեց նաև «Կոնսոնանսիա»  լարային նվագախմբի մենակատարներից կազմված կվարտետը, որը փայլուն կերպով եզրափակեցին իմ ելույթը՝ հանդիսատեսին ներկայացնելով հայ երաժշտության գլուխգործոցներ:

– Լիա, քո կարծիքով կարողացա՞ր հայերենի մասին տեղեկությունները մասնակիցներին փոխանցել:

-Դատելով հետագա արձագանքներից՝ շնորհավորանքներ, շնորհակալություններ, ստացված նամակներ, տպավորությունը, իսկապես, մեծ էր: Շատերը մոտեցան ու շնորհակալական խոսքեր ասացին, որ իրենց համար բացարձակապես անծանոթ մի աշխարհի մասին հետաքրքիր փաստեր իմացան, որոշ բաներ սովորեցին ու որ կարևորն էր, հաճույքով ու հետաքրքրությամբ անցկացրին իրենց աշխատանքային օրվա ավարտը:

Լիսաբոնի Համալսարանի գրերի ֆակուլտետի (Faculdade de Letras de Universidade de Lisboa) մի քանի ամբիոնների կողմից անգամ հետագա համագործակցության առաջարկներ եղան, որոնք անպայման կքննարկենք:

Մի քանի պորտուգալացի լեզվաբաններ խնդրեցին տեղեկություններ՝ լեզուն ուսումնասիրելու հնարավորությունների մասին: Սա նրանց համար, և ինչու՞ ոչ՝ մեզ համար, հետազոտությունների նոր հարթակ է, նոր հնարավորությունների սկիզբ:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ մեկնարկը կայացած է. մեկ քայլ առաջ դրեցինք, հաստատապես՝ մշակութային ու գիտական կապերի ստեղծման ու խորացման ճանապարհին:

– Լիա´, քո խոսքերը փաստում են, որ նման ձեռնարկները համագործակցության նոր հեռանկարներ են բացում երկու երկրների միջև:

-Ինչպես արդեն նշեցի, մենք՝ թե՛ «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը», և թե՛ Պորտուգալիայում բնակվող հայ անհատները, մեծ աշխատանք ենք տանում երկու երկրների միջև կապերի ստեղծման համար: Բացի այդ, այս երկու ազգերը չափազանց շատ նմանություններ ունեն. դա փաստում են և՛ պորտուգալացիներին, Պորտուգալիան ճանաչող հայերը, և՛ հայերին ու Հայաստանը ճանաչող պորտուգալացիները: Այս տեսանկյունից նման ձեռնարկները նպաստում են միմյանց հանդեպ հետաքրքրության խորացմանն ու հետագա համագործակցությունների կայացմանը: Չէ՞ որ հաջող համագործակցության համար առաջին հերթին կարևոր է ճանաչողությունն ու հետաքրքրությունը: Ինչպես էլ պտտվենք, նման ձեռնարկներն ուղղակի անհրաժեշտություն են:

Եզրափակոլով խոսքս՝ իմ և «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» անունից ուզում են շնորհակալություն հայտնել Ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության և հաճելի հարցազրույցի համար:

Լուսինե Աբրահամյան

%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%803

 

Scroll Up