Իմ աղջիկները հայի հետ պիտի ամուսնանան. սիրիահայ բժիշկը Արցախում իրեն լավ է զգում. տեսանյութ

Սիրիայի Ղամիշլի քաղաքում 22 տարվա բնակությունից հետո սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոն հաստատվել է Արցախի Կովսական գավառի Իշխանաձոր համայնքում, ու ինչպես ինքն է ասում, իրեն լավ է զգում:

Սիրիական ծանր մղձավանջից, պատերազմական դաժան պայմաններից ու սպանություններից հետո Իշխանաձորը Հայկ Խաչոյի համար դրախտավայր է: Ասում է՝ մարդիկ շատ բարի են, կյանքը խաղաղ է, կառավարությունն էլ օգնում է: Ավելին, շուտով նրա փոքրիկ ընտանիքը պետության կողմից կառուցված բնակարան կստանա:

49-ամյա սիրիահայ բժիշկը Ղամիշլիից ուղիղ Արցախ է տեղափոխվել 2016-ին: Նրա հետ են նաև երեք դուստրերը: Այժմ Արցախի Կովսականի շրջանի Իշխանաձոր համայնքի միակ թերապևտն է, սպասարկում է հարակից մի քանի գյուղերի բնակիչներին: Աշխատանքից ազատ ժամերին էլ զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ։

«Շատ դաժանություններ, մահվան դեպքեր տեսանք իմ քաղաքում՝ Ղամիշլիում: Սպանությունների դեպքեր էլ շատ տեսանք», –Aysor.am-ի հետ զրույցում ասում է Հայկ Խաչոն:

Նա պատմում է, որ Սիրիայում կենդանի մնալու մի քանի տարբերակ կար՝ կամ ընդունել մահմեդականություն, կամ հեռանալ ինքնակամ այդ տարածքից, կամ գումար տալ ահաբեկիչ զինյալներին: Հայկ Խաչոն, որը Ղամիշլիի հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, ընտրել է վերջին տարբերակը, քանի որ, ինչպես ինքն է ասում, գործերը լավ էին, և կարողանում էր գումար վաստակել:

Զինյալների կողմից հիվանդանոցը կողոպտելուց հետո որոշում է վերջնականապես լքել Սիրիան ու միանգամից տեղափոխվում, հաստատվում է Արցախ:

«Այդ տարածքներում բնակչությունը քիչ է և դրանք պետք է լցվեն: Այդ տարածքները ազատագրելու համար արյուն թափվեց ու հիմա պետք է պահպանվեն և ոչ թե մնան ամայի», – Արցախ տեղափոխվելու պատճառներն է նշում Հայկ Խաչոն:

Հարցին, թե Երբ Սիրիայում համեմատաբար հանգիստ է, մտադի՞ր է տեղափոխվել այնտեղ, նա պատասխանում է. «Չէ, երբեք: Ես աճապարեցի Հայաստան գալ, ո՞ւր տեղափոխվիմ: Երբեք չեմ տեղափոխվի: Երեք աղջիկ ունիմ, երեք աղջիկն էլ պետք է ամուսնանան հայ տղու հետ: Ես դեմ եմ, որ որևէ սիրիացի հետ դառնա Հայաստանից, դեմ էի նույնպես, որ որևէ սիրիացի գնա Եվրոպա: Պետք է նա գար Հայաստան: Դժվարություններ կան, դրանք պիտի լինեն, պիտի համակերպվել, և մենք համակերպվանք»:

9-ամյա թերապևտը պարբերաբար վերապատրաստումների է մասնակցում և վերջերս Հայ Օգնության ֆոնդի «Շարունակական բժկական կրթություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական Կենտրոն»-ի շնչառական համակարգի, գաստրոէնտերոլոգիայի, կարդիոլոգիայի, մանկաբուժության և նյարդաբանության բաժանմունքներում։

Նա 25 տարի հայերեն չի կարդացել ու մասնակցում է ծրագրին՝ դեղորայքի ու համապատասխան հիվանդությունների մասին իր գիտելիքներն ու կարողություններն ամրապնդելու համար։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

i-lq6lzlp-l

Scroll Up