Իսպանական Պետրեր քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Պետրերը դարձավ Իսպանիայի 25-րդ քաղաքը, որը նախօրեին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Էլդայի հայերի «Արարատ» միությունից, մարտի 30-ին կայացած քաղխորհրդի նիստում 20 կողմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Պետրերը պաշտոնապես ճանաչեց XX դարի առաջին Ցեղասպանությունը՝ դատապարտելով մարդկության դեմ կատարված ծանր հանցանքը և հորդորելով Իսպանիայի կառավարությանը հետևել իր քայլին։
Էլդայի հայերի «Արարատ» միության ներկայացրած միջնորդագրի հիման վրա, ճանաչման համատեղ բանաձևը ներկայացրել էին իշխող սոցիալիստական կուսակցությունը, Ձախ միությունը, Կոմպրոմիսը, Սի Պոդեմոսը։ Կողմ ձայներին միացել են նաև Ժողովրդական կուսակցության հինգ խորհրդականները, իսկ Սիուդադանոսը չնայած ձեռնպահ մնաց, սակայն նույնպես հորդորեց դատապարտել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նիստին ներկա էին Էլդայի և Պետրերի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջնորդագիրը ներկայացրեց Պետրերի Ձախերի խորհրդական, Խխաղաղության և համերաշխության պատասխանատու Ռաֆայել Մասիա Էսպին։ Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հորդորներով հանդես եկան Սի Պոդեմոս, Սոցիալիստական, Կոմպրոմիս կուսակցությունների խորհրդականներ։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Էլդայի հայերի «Արարատ» միության նախագահ Անահիտ Օհանյանը, որն իր խոսքում ասաց, որ եթե մեկ դար առաջ դատապարտված և ճանաչված լիներ այս մեծ ոճիրը՝ ուղղված մարդկության, քրիստոնեության և մշակույթի դեմ, այսօր գրեթե նույն տարածաշրջանում չէին կրկնվի ահասարսուռ դեպքերը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էլդայի հայերի «Արարատ»միության ջանքերով Պետրերում գիտաժողով էր անցկացվել «Խաղաղությունը և համերաշխությունն ընդդեմ բռնության» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որը ուղեկցվել էր նույն խորագիրը կրող հիասքանչ ցուցահանդեսով՝ մասնակցությամբ Երևանի Ք․ Քուշնարյանի անվան 4-14 տարեկան սաների,ի նչպես նաև ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի և Իպանիայում բնակվող նկարչուհի, արվեստի պատմության և տեսության մասնագետ Անահիտ Օհանյանի գեղանկարչական աշխատանքներով։