Անվանի գրող Ալբերտ Իսոյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով

Մարտի 26-ին Ախալցխայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ անվանի գրող, գրականագետ և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին նվիրված մեծարման հանդիսություն, որին ներկա էին Վրաստանի հայ գրողները, կենտրոնի աշխատակազմի ներկայացուցիչները, ավագ սաները, գրողի հարազատներն ու մերձավորները: Գրողի վաստակը, լավագույս գնահատելով, ՀՀ սփյուռքի նախարարությունը Ալբերտ Իսոյանին պարգևատրեց «Վիլյամ Սարոյան» մեդալով: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է կրթամշակութային կենտրոնի մամլո դիվանը:

 Միջոցառումը բացեց ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, օրհնության խոսք ասաց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:
Հանդիսության ընթացքում անվանի մտավորականին ուղղված գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցին: Իսոյանի գրչի արգասիքը 8 ստվարածավալ գիրք է՝ նվիրված Ջավախքի ազգագրությանը, արտերկիր կատարած այցելությունների մասին գրված ուղեգրություններին, որոնցում ընդգրկված են նաև բանաստեղծություններ, զվարճապատումներ և այլն:

Իրենց ելույթներում գրողներ Նազելի Նաիրին, Հովհաննես Մարիկյանը, Միքայել Եսոյանը, Հմայակ Գրիգորյանը, Մանուկ Կարախանյանը,Արաքսյա Վարդանյանը, Թամար Ծառուկյանը, Կիմիկ Իսոյանը սրտանց շնորհավորեցին օրվա հերոսին: Վերջում ելույթ ունեցավ Ալբերտ Իսոյանը.նա ի սրտե շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իրեն բարձր պարգևի արժանացնելու համար և ՎՀԳ «Վերնատուն» միությանը:

Միջոցառումն իրենց տպավորիչ ելույթներով զարդարեցին «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի երգչախումբը, ասմունքի ստուդիայի սաներ Կարինե Ղարագուլյանը, Աննա Կիրակոսյանը, Դիանա Մարաբյանը, Վարսենիկ Այվազյանը:

Մեծարման ցերեկույթը վերածվեց հայ մշակույթին և գրականությանը նվիրված մի յուրօրինակ, գեղեցիկ փառատոնի:

89

 

Scroll Up