ԱՄՆ-ը Հայաստանին 400 հազար դոլար արժողությամբ հրշեջ սարքեր է տրամադրել

ԱՄՆ Զինված ուժերի հումանիտար աջակցության հարցերով եվրոպական հրամանատարության ծրագրի շրջանակներում մարտի 28-ին՝ Մասիսում տեղի է ունեցել նոր համազգեստ եւ հրդեհի մարման համար նախատեսված սարքեր հանձնելու պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը եւ ամերիկյան բրիգադի զորահրամանատար, գեներալ Դաունե Դեսքինսը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը նշեց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել հանրապետության փրկարարների եւ արագ արձագանքման խմբերին՝ ծառայությանը նրանց նվիրվածության համար: «Ընդգծելով ձեր հրշեջների պրոֆեսիոնալիզմը եւ նվիրվածությունը՝ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնել սարքեր, որ նախատեսված են մարդկային կյանքերը փրկելու համար: Հումանիտար աջակցության ծրագրի շրջանակներում մենք փոխանցել ենք 400 հազար դոլար արժողությամբ սարքեր, որոնք նախատեսված են չորս կայանների՝ Մեղրիի, Սիսիանի, Արտաշատի եւ Մասիսի համար: Այս սարքերը հրշեջների եւ փրկարարների հնարավորությունները կընդլայնեն նրանց աշխատանքի ավելի արդյունավետ իրականացման տեսակետից՝ միաժամանակ ապահովելով նրանց անվտանգության երաշխիքները»,- ընդգծեց Միլզը:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց այս մեծ օգնության համար: «Համոզված եմ, որ այս սարքերի շնորհիվ ժամանակի ընթացքում բազմաթիվ կյանքեր կփրկվեն»,- հավելեց նա:

Scroll Up