Մայրենիին նվիրված միջոցառում Էստոնիայում
Փետրվարի 19-ին Էստոնիայի Տարտու քաղաքի ազգային մշակութային կենտրոնում, որտեղ ներկա էին Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, հյուրեր ազգային տարբեր փոքրամասնությունների կիրակնօրյա դպրոցներից, քաղաքապետարանից, «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը՝ «Երազանք» երաժշտական խմբի հետ, բովանդակալից ծրագրով միջոցառում անցկացրեց՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, արդեն ավանդույթ դարձած հայկական գրերի օրը տոնվում է Տարտու քաղաքի աջակցությամբ և հովանավորությամբ: Աշակերտների կատարմամբ հայոց լեզվով հնչեցին մեր երեխաների կողմից շա՜տ սիրված կոմպոզիտոր Հռիփսիմե Խրիմյանի հեղինակային երգերը, ինչպես նաև յուրաքանչյուր տառի թեմայով ստեղծագործած նոր երգեր, որոնք կատարվեցին առաջին անգամ: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև բանաստեղծություններ: Հետաքրքիր վիկտորինաներ անցկացվեցին հայկական գրերի ստեղծման պատմության և նշանակության թեմաներով, մասնակիցների և հյուրերի մեջ ուրախ իրարանցում առաջացավ, երբ փորձեցին կրկնել առաջադրված շուտասելուկները: Միջոցառումը եզրափակվեց հայկական ժողովրդական ավանդական պարերի կատարմամբ, որին մասնակցեցին բոլոր մասնակիցները: