Աստանայի հայկական համայնքում տոնել են Մարտի 8-ը

Ճիշտ է, մինչ Մարտի 8-ը դեռ մի քանի օր կա, բայց Աստանայի հայկական համայնքը կանանց տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, «Վան» հայկական մշակութային կենտրոնի և «Նաիրի» պարային խմբի անդամները:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, այսպես միասին համայնքը հավաքվում է հատկապես շաբաթ և կիրակի օրերին։ Իհարկե, կարելի էր սպասել մինչև հաջորդ կիրակի, բայց սիրելի մայրիկներին, ուսուցիչներին, տատիկներին և քույրիկներին շնորհավորելու ցանկությունն այնքան մեծ էր, որ որոշեցին նախապես տոնական տրամադրություն հաղորդել կանանց ու աղջիկներին։
Ելույթ ունեցան կիրակնօրյա դպրոցի սաները, շնորհավորանքի խոսքեր ասացին կանանց ու աղջիկներին: Լարիսա և Դիաննա Սողոյանները երգեցին «Մայրիկիս», իսկ Օֆելյա և Օլյա Կատվալյանները՝ «Շնորհակալություն մայրիկիս» երգերը: Սպարտակ Ռոզիկյանն էլ երաժշտական շնորհավորանք էր պատրաստել. նա սաքսոֆոնով կատարեց հայկական հոգեթով մեղեդիներ:
Բոլոր աղջիկներին և կանանց շնորհավորեց նաև Աստանայի հայկական դպրոցի ուսուցչուհի Հայաստան Մնեյանը և բոլորին վարդեր նվիրեց։ Երեխաներն էլ իրենց նկարած նկարները նվիրեցին: Կանանց իրենց տոնի առթիվ շնորհավորեց նաև Աստանայի հայկական համայնքի նախագահ Սահակ Սալումյանը: Երկար ժամանակ դահլիճում թևածում էր տոնական բարձր տրամադրությունը: