Հայաստանում սեփական գործ հիմնելու համար անհրաժեշտ պայմաններ կան. սիրիահայ գործարար

Հայաստանում սեփական գործ հիմնելու համար կան անհրաժեշտ պայմանները: «Արմենպրես»­ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Սիրիահայերի միություն» կազմակերպության խորհրդի անդամ, գործարար Շանթ Խնկիկյանը նշեց, որ Հայաստանում դյուրին է գործ հիմնելը:

«Խնդիրն այդ բիզնեսը պահելու մեջ է: Հայաստանում շուկան փոքր է, հետևաբար նոր բիզնես հիմնող գործարարը հենց սկզբից մեծ եկամուտ չի կարող ունենալ: Սիրիայում այդպես չէր, այնտեղ արտադրությամբ զբաղվողը կարիք չուներ մտածել արտաքին շուկայի մասին, այնտեղ շրջանառությունը մեծ էր: Հայաստանի պարագայում նոր գործ հիմնող գործարարին ժամանակ է անհրաժեշտ, որ կարողանա շուկաներ գտնել, իսկ այդ ժամանակվա ընթացքում ցանկալի կլիներ, որ հարկային տեսանկյունից բարենպաստ պայմաններ լինեին»,­ասաց Շանթ Խնկիկյանը:

Նա ղեկավարում է «Խնկիկյան էլեկտրոնիքս» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնիկայի արտադրությամբ: Խնկիկյան ընտանիքն այս բիզնեսը Հայաստան տեղափոխել է Սիրիայից 2012 թվականին: Այստեղ շատ արագ վերակազմակերպել են էլեկտրոնային սարքերի արտադրություն դրսի շուկաները չկորցնելու համար, ապրանքներ են արտահանում արաբական երկրներ:

«Դժվարություններ կան, սակայն այնպես չէ, որ այստեղ հնարավոր չէ գործ սկսել: Պարզապես մենք ակնկալում ենք, որ փոքր­ինչ պայմանները բարելավվեն, ինչն էլ կնպաստի մեր երկրում արտադրության զարգացմանը»,­ասաց Շանթ Խնկիկյանը: «Սիրիահայերի միություն» կազմակերպության անդամներն արդեն հանդիպել են վարչապետի հետ, ներկայացրել են իրենց դիտարկումները մաքսային, հարկային քաղաքականության հետ կապված: Մասնավորապես, առաջարկ է հնչել այն մասին, որ այլ երկրներից արտադրության համար Հայաստան ներկրված հումքի նկատմամբ այլ մաքսային արժեք կիրառվի: Առաջարկների հետ կապված ակնկալվում են գործնական քայլեր:

«Սիրիահայերի միություն» կազմակերպությունում գրանցված է շուրջ 400 գործարար: Նրանց մի մասը ներգրավված է սպառման ոլորտում, իսկ շուրջ 100­ը զբաղվում է հենց արտադրությամբ:

«Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, անհրաժեշտ է Հայաստանից սփյուռքահայերին ճիշտ մեսիջ տեղ հասցնել: Շատերը լսում են, որ Հայաստանում հնարավոր չէ ոչինչ անել և այդ խոսակցությունների տպավորության տակ որոշումներ են ընդունում: Մենք փորձում ենք մեր օրինակով ցույց տալ, որ մարդիկ գան այստեղ աշխատեն: Դեպի դուրս ճիշտ մեսիջ ուղարկելուց բացի, լավ կլիներ, որ այստեղ նույնպես մարդկանց մոտեցումները փոխվեն: Մարդը նոր է եկել Հայաստան, նստում է տաքսի, վարորդն ասում է, թե այստեղից բոլորը գնում են, դու ինչու ես եկել: Ու նման խոսակցություններ լսում ենք տարբեր տեղերում, ինչը, վստահ եղեք ազդում է»,­ասաց Շանթ Խնկիկյանը:

Scroll Up