Հայկական արտադրության «Զանգի» հավելվածը Բարսելոնայում ներկայացրել է մի շարք նորություններ

Բարսելոնայում ընթանում է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ցուցահանդեսը` «Mobile World Congress»-ը, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ցուցահանդեսում իր տաղավարն ունի նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Զանգի» հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին:
Ինչպես հաղորդում են ընկերության ներկայացուցիչները, երեկվանից մեծ հետաքրքրություն է նկատվում տաղավարի նկատմամբ, ինչը ենթադրում է առաջիկայում միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնում, ընկերության ճանաչելիության բարձրացում։
«Զանգի»-ի տաղավարում ներկայացված են ընկերության ամենաթարմ նորությունները:
Թողարկվել է «Զանգի»-ի վեբ տարբերակը, որը օգտատիրոջը հնարավորություն է տալիս միևնույն հաշիվն (accout) օգտագործել ոչ միայն սմարթֆոնից ու պլանշետից, այլև համակարգչի դիտարկչից: Մյուս նորությունը «Զանգի»-ի «desktop» հավելվածն է: Հասանելի է դարձել նաև «group chat»-ի հնարավորությունը: