«Կյանք ու կռիվ» ֆիլմը ցուցադրվեց Ամերիկայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/կյանք-ու-կռիվ-1.jpg)
Հունվարի 16-ին Բոստոնի հայ մշակույթի և կրթական կենտրոնի «Հրայր և Աննա Հովնանյան» սրահում ցուցադրվեց այդքան սպասված «Կյանք ու կռիվ» ֆիլմը (հայերեն, անգլերեն ենթագրերով)։
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմի բեմադրող ռեժիսորն ու սցենարիստը Մհեր Մկրտչյանն է, վավերագրող ռեժիսորը՝ Էդուարդ Համբարձումյանը, բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը։ Ֆիլմի դեպքերը, որոնք ներկայացնում են սիրո և հայրենասիրության հրաշալի մի պատմություն, տեղի են ունենում Արցախյան պատերազմի տարիներին և Երևանում՝ 90-ականների սկզբին։
Ֆիլմն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ամերիկայում, հաջողությամբ ցուցադրվել և շարունակվում է ցուցադրվել։ «Արդեն 3 ամիս է՝ ցուցադրվում է Լոս-Անջելեսում, մեկ օր ցուցադրվել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, կցուցադրվի նաև Նյու Ջերսիի և Ֆիլադելֆիայի կինոթատրոններում»,- մեր զրույցի ժամանակ ասաց Սամվել Հովհաննիսյանը (ֆիլմի ներկայացուցիչը Ամերիկայում):
Պատահական չէ, որ «Անահիտ» մրցանակաբաշխությանը ֆիլմը ներկայացված էր 8 անվանակարգերում և «Անահիտ» մրցանակ ստացավ՝ որպես լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն օպերատոր (Վահագն Տեր-Հակոբյան), լավագույն դերասան (Սամվել Թադևոսյան)։
Ֆիլմն այնքան բնական ու համահունչ է, որ հանդիսատեսն իրենից անկախ վերապրում է ցուրտ ու մութ տարիների ծանր օրերը։ Միաժամանակ հուզմունքով, բայց հարազատ մի ջերմությամբ է հանդիսատեսը «ճանապարհորդում» հերոսի՝ Տիգրանի հետ: Ականատես է լինում, թե ինչպես է ազնիվ ու ամաչկոտ պատանուց վերածվում Արցախյան պատերազմի քաջ զինվորի, ապրում նրա հետ միասին ցավ ու ափսոսանք, սեր ու հուզմունք:
Միակ բանը, որ խորհում ես ֆիլմի ավարտից հետո՝ կրկին նայելու ցանկությունն է, հայերի հետ հաճախ շփվելու, հայկականը պահպանելու գիտակցությունն է հատկապես օտար ափերում։
Տոն է այսօր հոգուս համար, բացի ֆիլմից, հնարավորություն ունեցա ծանոթանալու Բոստոնի հայ մշակույթի և կրթական կենտրոնում կամավոր աշխատող կիրթ ու համեստ հայրենակիցներիս՝ Թաթուլ Բադալյանի (երգիչ Հովհաննես Բադալյանի եղբորորդին), Արա Սարգսյանի, Մարտին Հարությունյանի, Սամվել Հովհաննիսյանի հետ: Առնչվել նրանց հայապահպան գործունեությանն ու ընթացիկ խնդիրներին, լինել դպրոցի հայոց լեզվի դասարանում:
Եվ այսպես շարունակվում է կյանքը և, դժբախտաբար, կռիվը:
Անհամբեր սպասում ենք «Կյանք ու կռիվ» ֆիլմի 2–րդ մասի ցուցադրությանը:
Ամալյա Իսայան, ԱՄՆ
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»