«Ես Ադրբեջանի «սև ցուցակ»-ում եմ և չեմ մտածում այդ մասին». Ջեյմս Կարիգիանիս

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ, Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջեյմս (ՋիմԿարիգիանիսն է, որը Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով Արցախ էր ժամանել՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ միջազգային դիտորդական առաքելություն կատարելու նպատակով:

-Պարո՛ն Կարիգիանիս, ինչպե՞ս կորակեք Արցախում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

– Արցախի հանրաքվեն, պատկերավոր ասած, «Օսկար»-ի է արժանի: Եթե հնարավորություն լիներ այս հանրաքվեին նվիրված ֆիլմ նկարահանել, ապա, անկասկած, «Օսկար» կստանար:

Ամեն ինչ արտակարգ անցավ, հոյակապ կազմակերպված ընտրություններ էին. ժողովրդի վրա ոչ ոք ճնշում չէր գործադրում, քվեատուփերը չէին փոխում, ընտրակաշառք չէր բաժանվում:

Վենեսուելայում, Լիտվայում, Սոմալիում, Ռուսաստանում, Պակիստանում և այլ երկրներում կայացած ընտրություններին նույնպես դիտորդական առաքելությամբ եմ հանդես եկել, սակայն երբևէ տեսած ամենաթափանցիկ ընտրությունը Արցախում էր: Ես կցանկանամ, որ Կանադայում ևս այսպիսի ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն:

-Հաշվի առնելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և Ադրբեջանին արտահանձնելու վերջին դեպքը՝ միջազգային մյուս դիտորդների մոտ վախի կամ անհանգստության մթնոլորտ արդյոք զգացվու՞մ էր:

-Ո՛չ: Բոլորը հանգիստ իրենց աշխատանքն էին կատարում՝ առանց անհանգստության կամ, ինչպես ասացիք, վախի նշանների:

Երբ հարցնում էին՝ չենք վախենում հայտնվել Բաքվի «սև ցուցակ»-ում, պատասխանում էինք, որ այնտեղ հայտնվելը մեզ համար պարգևատրում կլինի: Ես հիմա «սև ցուցակ»-ում եմ և չեմ մտածում այդ մասին, քանի որ մտադրություն չունեմ Ադրբեջան գնալ. ոչինչ չեմ կորցնելու Բաքվում չլինելով:

-Իբրև Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ՝ Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ, ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես եկել կամ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունենք Արցախի հիմնախնդրի լուծման հետ կապված:

Նախ պետք է բոլորս համատեղ ջանքեր գործադրենք և աշխատենք Արցախի հիմնախնդրին խաղաղ ճանապարհներով լուծում տալու համար:

Ինչ վերաբերում է մեր ծրագրերին, ասեմ, որ նպատակ ունենք Արցախի հետ բարեկամական պատգամավորական խումբ ստեղծել: Նաև առաջիկա՝ հիմնական ծրագրերից է լինելու Ստեփանակերտը և Կանադայի քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու ուղղությամբ գործընթացի կազմակերպումը: Մայիսի սկզբին Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամներով Հայաստան կգանք՝ քույրացման պայմանագիրը կնքելու: Երբ հասեմ Կանադա, արդեն սկսելու եմ զբաղվել այս հարցով:

-Ցավոք, կան մարդիկ, որոնք Ադրբեջանի ապատեղեկատվական քարոզչությանը հետևելով՝ կասկածի տակ են առնում Արցախի հայկականությունը: Դուք, լինելով Արցախի հողում, ի՞նչ կասեք այդ մասին:

– Բնավ, չեմ կիսում այդ կարծիքը: Արցախում առաջին անգամ եղել եմ 2012 թվականին՝ նախագահական ընտրությունների ժամանակ: Լինելով Արցախում՝ երբեք ադրբեջանցի չեմ տեսել այնտեղ, ադրբեջանական մթնոլորտ չեմ զգացել: Ամենուր հայաշունչ միջավայր էր, որն ինձ շատ էր դուր գալիս:

Առհասարակ, սիրով և ոգևորությամբ եմ այցելում Հայաստան: Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան և Արցախ: Շատ տպավորված եմ Արցախ աշխարհով ու նրա հերոսական ժողովրդով: Ես, իսկապես, բարձր եմ գնահատում հայ ժողովրդի մարդկային նկարագիրը, ծանոթ եմ ձեր պատմությանը և գիտեմ, թե որքան տաղանդավոր ազգ եք:

 -Արցախում արդեն սիրելի վայրեր ունե՞ք:

– Շատ եմ սիրել «Տաք ջրեր» կոչվող լողավազանը: Արցախում հասցրեցի ամեն տեղ լինել, հիանալ տեսարժան, պատմամշակութային վայրերով և գեղատեսիլ բնությամբ: Համտեսել եմ նաև արցախյան ավանդական ուտեստները, որոնք շատ համեղ են:

-Շուտով Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն է: Շատ երկրներ, մարդիկ զորավիգ եղան Արցախին, ամբողջ Հայկական սփյուռքը ոտքի կանգնեց: Դուք ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք այս ուղղությամբ:

-Ես հայտարարություն տարածեցի՝ նշելով, որ Արցախում պատերազմը Ադրբեջանի կողմից է սկսվել: Ընդհանրապես, Ադրբեջանը գրեթե ամեն օր է Արցախի հանդեպ նախահարձակ սադրիչ գործողություններ իրականացնում: Հայերը միշտ խաղաղության են ձգտում, պաշտպանում են խաղաղ ապրելու իրենց իրավունքը, սակայն, ինչպես երևում է, Ադրբեջանի ուզածը դա չէ, քանի որ Հայաստանին  անդադար բախումների է դրդում:

-Ձեր դիտարկմամբ՝ Արցախի հիմնախնդրի վերջնական հանգրվանը ո՞րն է լինելու, ի՞նչ հանգուցալուծում ակնկալել այս հարցում:

Անկեղծ ասած, մոտ ապագայում այս հարցին հանգուցալուծում չեմ տեսնում: Այն երկրները, որոնք ունեն ներքին խնդիրներ, արտաքին խնդիրներ են հրահրում, որպեսզի իրենց ներքին խնդիրները «ջրի երես» դուրս չգան:

Ռազմավարական նմանատիպ քաղաքականություն վարող երկրները, որպես կանոն, ցույց են տալիս, որ իրենց մոտ ժողովրդավարություն է տիրում, միշտ այնպիսի պատրվակներ են առաջ քաշում, որ իբր հարևան պետությունները ցանկանում են գրավել իրենց տարածքները՝ այդ միջոցով շեղելով մարդկանց ուշադրությունը:

Այդպես է, օրինակ, 2016 թվականի ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպված «ռազմական հեղափոխությունը», որը բեմադրություն և բացահայտ կեղծիք էր:

Ավելորդ է խոսել Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ վարած ագրեսիվ քաղաքանության, նախագահ Ալիևի՝ իր կնոջն Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու զավեշտի մասին, որը պարզապես ծիծաղելի է և զուրկ ժողովրդավարությունից: Այս քայլը հարիր է միայն ավտորիտար ռեժիմի բռնապետերին:

Հուսանք, որ Ադրբեջանն այլևս կհրաժարվի պատերազմական գործողություններից, և Արցախի ժողովուրդը խաղաղ երկնքի տակ կապրի:

Գևորգ Չիչյան

Scroll Up