Ախալքալաքի Կուլիկամ գյուղում «Պուրպիկը» հանդես եկավ «Ագահ փայտահատը» ներկայացմամբ

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը նոյեմբերի 18-ին անզուգական ներկայացմամբ հանդես եկավ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի դպրոցում:
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից, Արթուր Ղարիբյանի անվան հայկական հանրակրթական դպրոցի աշակերտները և գյուղի փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու և հետևելու «Պուրպիկ»-ի դերասանների կատարողական բարձր արվեստին. տիկնիկային թատրոնը Կուլիկամ գյուղի դպրոցում անվճար ներկայացրեց «Ագահ փայտահատը» բեմադրությունը:
Ներկայացումն ընթացավ երեխաների ուրախ և անկեղծ ծիծաղի, հետաքրքիր միջամտությունների և բուռն ծափողջույնների ուղեկցությամբ:
Նշենք, որ թատրոնը գործում է 2004 թվականից, ստեղծվել է Լիանա Խլոյանի և Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի նախաձեռնությամբ: Դեռևս 2001 թվականին ժամանելով Ախալքալաք և տեսնելով տեղի հայության անմխիթար վիճակը՝ թատրոնի ղեկավարը որոշում է տեղափոխվել Ջավախք և նվիրվել տեղում տիկնիկային թատրոնի ստեղծմանը, նպատակ ունենալով թատրոնի ներկայացումներով օգնել Հայ առաքելական եկեղեցու ծավալած քարոզչական աշխատանքներին, մարդկանց մերձեցնել քրիստոնեական հավատքին և Մայր եկեղեցուն:
«Պուրպիկ» տիկնիկային թատրոնի դերասանական կազմը ստեղծվել է Ախալքալաքի հայկական դպրոցների սաներից, ովքեր այսօր ուսանում են հայաստանյան տարբեր բուհերում: Տիկնիկային թատրոնն իր խաղացանկում ունի չորս ներկայացում՝ «Մհերի տունը», «Պոչատ աղվեսը», «Ագահ փայտահատը» և «Հիսուսի ծնունդը»:
«Պուրպիկ» տիկնիկային մանկապատանեկան թատրոնն իր խաղացանկով հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում, ինչպես նաև շրջագայել է Ախալքալաքի հայկական գյուղերում:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան