Ուրախ եմ արձանագրել, որ կանադահայերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր հաշվեհամարներ բացեցին հայաստանյան բանկերում. Հրանուշ Հակոբյան

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Noranor.ca կայք-էջի հարցազրույցը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
«ՄԱՅՐ ԳԱՂՈՒԹԸ» ԱՊՐԵՑ
Նախարարը մեջբերում է ընդունված արտահայտությունը՝ «Մայր գաղութը» իր մշակութային ու պատմական դեմքը պահեց նույնիսկ պատերազմի ժամանակ ու դրանից հետո: Թեև սիրիահայերի մի մասը ստիպված եղավ ցրվել աշխարհով մեկ, սակայն այնտեղ մնացած հայերը պայթյունների մեջ դեռ գոյատևում են, մասամբ գործում են հայկական կառույցները՝ եկեղեցիներն ու դպրոցները:
«Այդ մարդկային ողբերգության մեջ սիրիահայերը իրենց մեջ ուժ են գտնում նշելու Հայոց ցեղասպանության տարելիցները, կազմակերպում քննարկումներ նույնիսկ երկրի պառլամենտում: Անհավանական կենսունակությամբ և կազմակերպվածությամբ մեր հայրենակիցները մեծ կամք են ցուցաբերում հարյուրամյակներ ստեղծված հայկական ժառանգությունը պահպանելու համար»,– նշեց Հրանուշ Հակոբյանը՝ խոսելով Սիրիայում պահպանված հայ գաղութի մասին։
ՀԵՏԵՎԵԼՈՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆԸ
Իսկ նրանք, ովքեր դուրս եկան Սիրիայից, ոչ պակաս դժվարություններ հաղթահարեցին ինչպես այլ երկրներում, այնպես էլ հայրենիքում, որը հետևում էր երկրի նախագահի արած արտահայտությանը, թե սիրիահայը Հայաստանում չի կարող ունենալ փախստականի կարգավիճակ: Հետևապես փորձ էր արվում, այսպես ասած, գաղթականներին ներգրավել այն նույն դժվարությունների մեջ, որոնք ունեին հայաստանցիները. դրան գումարվեցին բնակարանային ու աշխատանքի խնդիրները: Ներգաղթյալներից շատերը չդիմացան այս ամենին և կրկնակի գաղթականներ դարձան՝ փորձելով հարմարություններ գտնել Շվեդիայում և Կանադայում։
«Կանադա մեկնածների ճնշող մեծամասնությունը տեղափոխվել է Լիբանանից, Հորդանանից, Սիրիայից: Թեև Հայաստանից մեկնածները շատ չեն, բայց այդ երևույթը ունի իր պատճառները՝ Հայաստանում նրանց սոցիալ-կենցաղային պայմանները, բարձր աշխատավարձով աշխատանքի և բնակարանային հնարավորությունները զիջում էին այն ամենին, ինչ նրանք ունեին Սիրիայում: Մյուս կողմից՝ կարևոր գործոն և հենասյուն է դառնում տվյալ երկրում հարազատ ունենալը»,– այսպես բացատրեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Նա վստահեցնում է, թե սիրիահայը Հայաստանում շատ ավելի լավ պայմաններում է ապրում, և համեմատելով՝ արդարացնում, որ գոնե այլ երկրների նման ճամբարներում՝ վրանների տակ չեն օթևանում: Նախարարը թվարկեց օժանդակության այն տեսակները, որ պետությունն իր վրա է վերցրել՝ անվճար բուժօգնություն ու կրթություն, ավտոմեքենաների մաքսազերծման ծախսերի փոխհատուցում, անվճար մուտքի արտոնագրերի տրամադրում, արագացված կարգով քաղաքացիության ընդունում, բնակվարձերի փոխհատուցում և այլն:
«Այդուհանդերձ, կան խնդիրներ, որոնք շարունակական լուծման կարիք ունեն: Դրանք են՝ բնակարանային վարձի փոխհատուցումը կամ սիրիահայերի համար սոցիալական բնակարանների կառուցումը, ինչը ներդրողների կարիք է զգում: Մեր Սփյուռքի բարեկամները այդպես էլ չարձագանքեցին մեր կոչին՝ օգնել նրանց համար բնակարանների կառուցման հարցում: Աշխատանքի տեղավորման խնդիր չունենք, սակայն դժվարություն է բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման հարցը, որը տնտեսական շրջափակման վիճակում գտնվող Հայաստանում չի կարող լիարժեք իրականացվել»,– նշեց նախարարը։
ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, ըստ նրա, թույլ չի տալիս շատ ծրագրեր իրականացնել: Այս հարցը նախկինում էլ էր բարձրացվել Սփյուռքի կողմից: Հայաստանի տնտեսության վերաբերյալ մտահոգություններ լսելուց հետո Հրանուշ Հակոբյանը առաջարկել էր սփյուռքահայերին հաշիվներ բացել հայաստանյան բանկերում՝ օգնելով փոքր ինչ կայունացնել երկրի տնտեսության վիճակը: 1,000 ԱՄՆ դոլարի հաշիվ բացելու առաջարկությունը նախարարն այսօր էլ համարում է սպեղանի։ Ըստ նրա՝ միայն հայաստանցիները չեն, որ պատասխանատու են Հայաստանի ճակատագրի համար: Վստահեցնում է, թե իր առաջարկությանը արձագանքել են շատերը:
«Խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է: Ուրախ եմ արձանագրել, որ կանադահայերի մեջ գտնվեցին ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր հաշվեհամարներ բացեցին հայաստանյան բանկերում: Վերջին ժամանակաշրջանում ընդհանրապես ակտիվացել է ներդրումների շրջանակը Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ վարչապետի կողմից տարվող տնտեսական քաղաքականությունը հույս է առաջացրել մեր հայրենակիցների մոտ»,– համոզված է Սփյուռքի նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք սփյուռքահայերի բողոքն ու մտահոգությունը Հայաստանի ներքին վիճակի առնչությամբ անարդարացի է, Հրանուշ Հակոբյանը նախընտրում է չանդրադառնալ, փոխարենը բնական է համարում առաջիկա քաղաքական զարգացումներին մասնակցելու Սփյուռքի հայրենակիցների ցանկությունը:
«Ուրախալի է, որ սփյուռքահայերը մտահոգվում են իրենց Հայրենիքի համար և ցանկանում են իրենց նպաստը բերել Հայաստանի Հանրապետությունում օրինականության ամրապնդման ու քաղաքացիական հասարակության կայացման համար: Սակայն, յուրաքանչյուր գործողություն անհրաժեշտ է կատարել ՀՀ օրենսդրության շրջանակներում՝ հարգելով և պահպանելով ՀՀ օրենքները»,– նշեց իշխող Հանրապետական կուսակցության անդամ նախարարը:
Իշխանության ներկայացուցիչը քաղաքական զարգացումների վերաբերյալ այսքանով սահմանափակվում է, իսկ Սփյուռքին առնչվող մտահոգիչ խնդիրներին պատրաստ է արձագանքել:
ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վտանգված լեզու ճանաչելու հարցը մտահոգիչ է, իսկ նախարարության կողմից ձեռնարկված քայլերը սահմանափակվում են արևմտահայերենի խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբերի ստեղծմամբ: Բայց նաև տեսադաշտում է դպրոցներում արևմտահայերեն դասավանդելու հարցը, թեև առայժմ միայն կադրեր են նախապատրաստվում:
«2013 թվականից սկսած Երևանի պետական մանկավարժական համալսարանում վերապատրաստվում են արևմտահայերենի ուսուցիչներ, իսկ 2014 թվականից սկսած նաև Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում ունենք արևմտահայերենի մասնագետների պատրաստման հնարավորություն»,–ասաց նախարարը:
Նախագծերն իրականացվում են Սփյուռքի նախարարության կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարությանն արված առաջարկության հիման վրա: Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում հենց Սփյուռքում արևմտահայերենի պահպանման ուղղությամբ:
ԴԱՍԱԳՐՔԵՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Noranor.ca-ի հետ զրույցում կանադահայ գործիչները հաճախ են հարց բարձրացնում, թե Խորհրդային միության տարիներին արևմտահայերեն դասագրքեր էին տպվում և ուղարկվում Սփյուռք, ինչն անկախության տարիներին չի արվում: Նախարարը ի պատասխան վստահեցնում է.
«Նախարարության նախաձեռնությամբ Սփյուռքի հայկական կրթօջախների համար պատրաստվել են արևմտահայերեն մի շարք դասագրքեր` Այբբենարան, Ընթերցարան, Հայոց լեզվի և գրականության դասագրքեր և այլն, որոնք առաքվում են կրթօջախներին: Տպագրվել են նաև ուսուցիչների համար նախատեսված մեթոդական ձեռնարկներ: Վերոնշյալ բոլոր ծրագրերը շարունակվելու են նաև 2017 թվականին»:
Արևմտահայերենի պահպանման ևս մեկ քայլ կլինի «Հայկական աշխարհ» արևմտահայերենով մանկապատանեկան կայքի ստեղծումը, որի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 21 ին՝ Մայրենի լեզվի օրը, իսկ փետրվարի 24-ին կկազմակերպվի տեսաժողով՝ «Հայաստան-Լիբանան. արևմտահայերենի վտանգվածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով: