Անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն
Նոյեմբերի 19 –ին ՀՀ սփյուռքի նախարարություն է այցելել մոսկովյան անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, որը հանդիպում է ունեցել նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանի և Վահե Ջիլավյանի հետ: Հայտնի սցենարիստը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է նվիրել Արցախի մասին պատմող իր յոթերորդ գիրքը: Կիմ Բակշին Հայաստանում հայտնի է նախևառաջ որպես Մատենադարանի մասին հայտնի 20 մասից բաղկացած հեռուստատեսային ֆիլմի սցենարիստ և համահեղինակ:
Մոտ կես դար Կիմ Բակշին ճանապարհորդել ու քայլել է ամբողջ Հայաստանով, այցելել է բազմաթիվ երկրներ, որտեղ հայերն ապրել ու այժմ էլ ապրում են, ուսումնասիրել է հայերեն ձեռագրերը աշխարհի տարբեր գրադարաններում, այցելել է բազմաթիվ հայկական եկեղեցիներ, զրուցել մեր հայրենակիցների հետ:
«Երբ ես նայում եմ հայ ժողովրդին սիրով եւ փոխըմբռնմամբ, պարզվում է, որ դա մի մեծ հայելի է, որում ավելի լավ է երևում մարդկանց պատմությունը, մշակութային արժեքները, ընդհանուր ուղիները քրիստոնեության մեջ, որով մենք քայլում ենք »,- մի առիթով ասել է նա:
Կիմ Բակշին գրել է վեց գիրք հայկական թեմաներով` «Արծիվ և սուր», «Ճակատագիրը և քարը», «Սուրբ Ղազարոսի հարությունը», «Վանքից սիրո մասին», «Մեր աշխարհը նման է անիվի», «Սառեցված ժամանակը» եւ Մատենադարանի մասին հայտնի 20 մասանոց հեռուստատեսային ֆիլմի սցենարը:
Նրա գրքերը Հայաստանի եւ հայերի հանդեպ անմիջական ու անկեղծ սիրո խոստովանություններ են:
Հանդիպման վերջում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալները շնորհակալություն հայտնեցին անվանի մտավորականին՝ հայ ժողովրդի նկատմամբ ջերմ, բարեկամական վերաբերմունքի և նվիրումի համար: