Տեղի ունեցավ «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» գրքի շնորհանդեսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնում տեղի ունեցավ պատմաբան Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչներ,  պատմաբաններ, մշակույթի գործիչներ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանը նշեց, որ շատ կարևոր է, երբ պատմաբանն իր աշխատության առաջնամասում չի պարտադրում ընթերցողին իր անձնական տեսակետը, այլ շարադրում է իր ասելիքը և թողնում մնացածը ընթերցողների մոտեցմանը և հայեցակարգին: «Սա մեծ պատմաբանին վայել մոտեցում է»,- ասաց նա:

Պատմաբան Գևորգ Խուդինյանն էլ նշեց, որ այդ արխիվները դժվար է եղել պահպանել, և որ Փամբուկյանը հսկայական գործ է արել` դրանք հավաքագրելով և ընթերցողին ներկայացնելով: «Այս գիրքը  «Նյութեր դաշնակցության պատմության» է կոչվում, բայց իրականում սա 1890-1915 թթ. հայոց պատմության առաջնային սկզբնաղբյուրների ժողովածուն է»,- շեշտեց նա:

Ըստ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` ՀՅԴ-ն մեր ազգային արժեքն է և 1 դարից ավելի գործում է իր գաղափարական, քաղաքական և հզոր հիմնավոր տեսակետներով: «ՀՅԴ-ն թողել է  արխիվներ,  նյութեր, ժառանգություն: Փառք ու պատիվ այն բոլոր մեծերին, որ կարողացել են ժամանակին հավաքագրել ու պահպանել դրանք: Արխիվային նյութերը այն կարևոր սկզբնաղբյուրներն են, որոնց վրա կերտվում է հայոց պատմությունը: Այսօր Հայոց պատմության կարևոր հատվածը նաև Դաշնակցության պատմությունն է»,- ասաց նախարարը:

Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց աշխատության հեղինակ Երվանդ Փամբուկյանին:

554444

Scroll Up