ԱՄՆ-ի և Կանադայի համալսարաններում Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող ցույցեր են կայացել. լուսանկարներ
Փետրվարի 9-ին հայ ուսանողական միությունների համախմբումը հանդիսացող Համահայկական ուսանողական միությունը (All-ASA) Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող բողոքի լուռ ցույցեր է իրականացրել Միացյալ Նահանգների և Կանադայի` ավելի քան 20 համալսարաններում:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի «Ասպարեզ»-ը՝ ցույցերն իրականացվել են ՀԵԴ-ի Արևմտյան և Արևելյան Ամերիկայի մարմինների, ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության, ինչպես նաև «Ալֆա Գամա Ալֆա»և «Ալֆա Էփսիլոն Օմեգա» ուսանողական ընկերակցությունների կողմից:
«Ուրացման արատ» ընդհանուր խորագրի ներքո կայացած բողոքի ցույցերի նպատակն է ուշադրության արժանացնել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ միաժամանակ դատապարտելով Թուրքիայի կողմից առաջ մղվող ուրացման արշավը և այդ հարցում ԱՄՆ-ի մեղսակցությունը:
Ցույցերին ցուգահեռ` տեղի են ունեցել նաև համացանցային արշավներ, որոնց կարելի է հետևել #StainOfDenial, #ArmenianGenocide, #DivestTurkey հեշթեգերի միջոցով: