Ես ի՞նչ եմ անում Արցախի համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/Նարեկ.jpg)
«Ես ինչ եմ անում Արցախի համար» վերնագիրն անսովոր թվաց 7-րդ ա դասարանում սովորող աշակերտներին, ովքեր մտածում են, թե իրենք այդ տարիքում ինչ կարող են անել հայրենիքի համար: Բայց որոշ բացատրական աշխատանք տանելուց հետո հասկացա, որ նրանք կկարողանան շարադրել իրենց մտքերը: Եվ շուտով Նարեկ Բաղրյանի շարադրանքն ուշադրությանս արժանացավ, մտասևեռ նայեցի նրան ու մտորում, թե որքանով են տողերը համահունչ արձագանում նրա հոգու ձայնին: Կարծես հենց դրա՛ն էլ սպասում էր, անմիջապես հակադարձեց ինձ` երևի հասկանալով իմ տարակուսանքն ու ոչ հաստատուն կեցվածքը, թե արդյո՞ք ինքն է շարադրել այս մտքերը. «Արցա՛խ աշխարհ, ադամանդե լեռների վրա վեր խոյացած երկնասու՛յզ երկիր, աշխարհների մեջ անպարտելի կանգնած իմ դրա՛խտ լեռնաշխարհ, դու լույսի՛, ազնիվի՛ և մաքրությա՛ն ջրաբաշխ, այդ քո լեռներից են սահանքում գետերդ` տանելով ու սփռելով բարբարոսների հողերի վրա բարություն և օրհնություն»:
Այս տարիների ընթացքում, առայսօր էլ, աշխատասեր ու նպատակասլաց է նա, ջանքեր չի խնայում` արդարացնելու իրեն՝ նույնիսկ արտադասարանական միջոցառումներում, որտեղ, հայրենյաց պաշտպանի իր կերպարին հավատարիմ, ամեն անգամ խրոխտ տողերով ազդարարում է այս հողին ու ջրին հաստատուն կանգնած նոր սերնդի ոգեշունչ խոսքը. «Ես սիրում եմ քեզ, իմ եդեմակա՛ն Արցախ: Ամիսներ առաջ կարծում էի, թե հայրենասիրությունը հատուկ է միայն ընտրյալներին: Սակայն ապրիլյան սև օրերը մեկ անգամ էլ ապացուցեցին, որ բոլորս ենք սիրում այս մի բուռ երկիրը, որովհետև ուրիշ երկրներն այսքան ցավատանջ ու քարաշատ չեն, և ոչ էլ` այսքան վտանգված: Կա՞ արդյոք ավելի դժբախտ, ավելի արյունոտված մի երկիր, քան դու ես, իմ սու՛րբ Արցախ: Անթիվ ու անհամար թշնամիներ եկան հարավից և հյուսիսիսց, արևելքից և արևմուտքից, թունավոր օձերի պես խրվեցին քո մարմնի մեջ՝ դարեր շարունակ ծծելով քո ազնիվ արյունը: Թշնամին եկավ քո տունը, սպանեց եղբորդ և տեր դառնալով քո հողին ու տանը` իր մահաբեր նիզակը ցցեց քո սրտում: Սակայն, իմ հրաշագե՛ղ երկիր, չաղավաղվեց քո հոյակապ լեզուն, չնվաստացավ քո արվեստը և քո ստեղծագործ հոգին չշղթայվեց»:
Այս շարադրության տողերը դաջվեցին իմ հոգում, բայց չէի համարձակվում այն տեսանելի դարձնել: Դպրոցում օրեր առաջ հող հայրենիին նվիրված մի բեմադրությունից հետո Նարեկի մայրիկը համեստորեն արձագանքեց որդու շարադրության մասին, թե որքան է նա «չարչարվել», որ ուսուցչուհու մոտ արդարացնի իրեն՝ իր ստեղծագործական մտքերով. «Այսօր ես ինձ եմ հարցնում, թե հայապահպանության գործում ի՞նչ կարող եմ անել, որ իմ մի բուռ դարձած երկիրը չկործանվի: Ես ապրում եմ քո գրկում ու խոստանում եմ, որ երբեք չեմ լքի իմ երկիրը: Մենք կհարատևենք դարեր շարունակ, և մեր լեզուն, մեր հավատը կապրեն հավերժ, ու միշտ կծածանվի մեր եռագույնը: Ես ապրում եմ այստեղ, որովհետև հայրենասիրական ոգով եմ դաստիարակված: Դա ինձ համար սահմանին կանգնած և երկրիս խաղաղ գիշերն ու անխռով առավոտը հսկող քաջ եղբայրներիս սիրելն է, նրանց գնահատելն ու իմ ազգի անունը ամեն տեղ բարձր պահելն է, և նույնիսկ հարկ եղած դեպքում` կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի: Ես էլ ունեմ երազանքներ, որոնք անպայման ի կատար կածվեն: Ուզում եմ դառնալ ծրագրավորող, բայց ինչ էլ դառնալու լինեմ, ես կվերադառնամ իմ Հայրենիք: Վստահ եմ՝ ոչ մի թուրք չի կանգնեցնի մեզ, քանի որ մենք վաղվա հերոսներն ենք և կանենք ամեն ինչ` մեր Արցախը շենացնելու համար»:
Վերջերս Մարտակերտի կենտրոնական գրադարանում կազմակերպված հայրենասիրական միջոցառմանը նա ակտիվ մասնակցություն ունեցավ, հետո ես Նարեկին առաջարկեցի առանձին նկարվել: Նրա հարցական հայացքն ուղղվեց ինձ, բայց նկատեցի նաև իմ աշակերտի անսահման մեծ ուրախությունը… Ամենևին չզարմացա, երբ ասաց, որ եռագույնի մոտ է նկարվել… Հուսամ, իրեն տեսնելով այստեղ, հրաշալի անակնկալ կլինեմ մատուցած ապագա հայրենյաց պաշտպանին:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի