ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈւԵԼՍ ՆԱՀԱՆԳԻ ՎԱՐՉԱՊԵՏ

ՏԻԿԻՆ ԳԼԵԴԻՍ ԲԵՐԵՋԻԿԼՅԱՆԻՆ 

Սիրելի՛ տիկին Բերեջիկլյան,

Հպարտության և ուրախության անասելի զգացումներ ունեցա, երբ ստացանք Ձեր՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու լուրը:

Սիրով, ջերմությամբ և ազգային վառ ապրումներով եմ շնորհավորում Ձեզ՝ այս պատասխանատու, բարձր և պատվաբեր պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել Ձեզ մոտիկից ճանաչելու և հասկանալու, որ Դուք Ձեր գեղեցիկ կենսագրությունը հյուսել եք ոչ միայն որակյալ և բարձր կրթություն ստանալով, ոչ միայն Հայ դատում պաշտոնավարելու, այլև ավստրալական քաղաքական հարթակներում արժանի տեղ և դեր ունենալու շնորհիվ: Ձեր տաղանդի, շնորհքի, մարդկանց հետ աշխատելու անզուգական կարողությամբ Դուք քայլ առ քայլ առաջ ընթացաք՝ դրսևորելով խելացի և բանիմաց քաղաքական, պետական գործչին բնորոշ հատկանիշներ:

Դուք ներկայացուցիչն եք Ավստրալիայի հայ համայնքի, որը երկար տարիներ ի վեր, և նաև Ձեր շնորհիվ, նվաճել է Ավստրալիայի իշխանությունների և ավստրալացիների վստահությունը՝ իր աշխատասիրության, նվիրումի, երկրի զարգացման գործում ունեցած ավանդի շնորհիվ:

Նոր Հարավային Ուելսի թե´օրենսդիր և թե´գործադիր իշխանությունների կազմում Ձեր բազմամյա գործունեությամբ բարձր եք պահում Հայի պատիվը` որպես ազգի արժանավոր զավակ և Ավստրալիայի Միության լավագույն քաղաքացի:

Անգնահատելի է Ձեր ավանդը նաև համազգային նշանակություն ունեցող հիմնախնդիրներն ամենատարբեր հարթակներից բարձրաձայնելու միջոցով հասարակության լայն շերտերին ներկայացնելու հայրենանվեր գործում: Ձեր անմիջական ջանքերի շնորհիվ է նաև, որ Նոր Հարավային Ուելս նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը:

Ձեր ճկուն մտքով, լավագույն փորձով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ, ինչպես նաև՝ համեստ ու առաքինի կեցվածքով, ժամանակակից կնոջ, քաղաքական գործչի լավագույն կերպարն եք:

Ինչպես դեռևս 12-րդ դարում իրավացիորեն նշել է Մխիթար Գոշը. «Կրթված կանայք գանձ են հասարակության համար»: Հիրավի, Դուք իսկական գանձ եք ավստրալացիների և համայն հայության՝ ի մասնավորի՝ ավստրալահայ համայնքի համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով անսպառ ուժ ու եռանդ՝ իրականացնելու Ձեր փխրուն ուսերին դրված բարդ ու պատասխանատու առաքելությունը՝ հանուն Ավստրալիայի, Նոր Հարավային Ուելս նահանգի զարգացման և առաջընթացի, հանուն հայ համայնքի զորացման, հանուն երկու երկրների բարեկամության ամրապնդման և զարգացման:

Սիրով և բարեմաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Scroll Up