Կահիրեում բացվել է Հայաստանին նվիրված «Նկարներն ու պատմություններն՝ առասպելների երկրից» ցուցադրությունը

Հայաստան այցից հետո Ռիհամ Աֆիֆին իր տպավարությունները փոխանցել է նկարների միջոցով:
Կահիրեի «Պիկասո» սրահի այցելուները եկել են բացահայտելու «Նկարներն ու պատմությունները՝ առասպելների երկրից»: Հայաստանն այդպիսին է եգիպտոսցի արվեստագետ Ռիհամ Աֆիֆիի համար՝ մեր երկիր այցելելուց հետո:

Նա Հայաստան էր եկել՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ասում է, տեսածը ցնցել է իր աշխարհը: Տպավորությունները չկորցնելու եւ փոխանցելու համար դիմեց ներկերի օգնությանը:

«Սիրահարվել եմ Հայաստանին եւ նրա մշակույթին: Հուսով եմ՝ յուրաքանչյուրն իմ նկարները կսիրի նույնքան, որքան ես՝ Հայաստանը: Ցանկանում եմ աշխարհի բոլոր կողմերից մարդկանց ուշադրությունը հրավիրել Հայաստանի պատմության եւ փորձի վրա, որովհետեւ դրանից քաղելու շատ դասեր կան»:

Բնություն, հուշարձաններ, երեւանյան պատկերներ… Ցուցահանդեսում ներկայացված է Ռիհամ Աֆիֆիի 80 նկար:

«Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համահեղինակ Մարիամ Զաքին, որը Հայաստանի նախագահի մրցանակին է արժանացել, ասում է՝ Ռիհամը հայկական մշակույթը զգում է սեփականի նման:

«Ռիհամ Աֆիֆին որեւէ բան չի անում որպես պարտականության կամ որովհետեւ նրան խնդրել են: Նա անում է միայն այն, ինչին հավատում է: Նա հավատում է Հայաստանին, հայ ժողովրդին, նրա պատմությանը, ժառանգությանը, մշակույթին: Եւ այդ պատճառով Ռիհամը ցանկանում է աշխարհին հայտնել, թե որքան կարեւոր է միմյանց ճանաչելը, ընդունելը, վաղվա ճանապարհը հարթելը: Նա իր հնարավորություններով, աշխատանքով, տաղանդով մարդասիրություն է տարածում»։

Ցուցահանդեսն Աֆիֆին նվիրել է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվել է նաեւ «Նկարներ ու պատմություններ առասպելների երկրից» անունով անգլերեն պատկերագիրքը: Նկարներն ուղեկցվում են հեղինակային տեքստով, նաեւ հայ գրողներից մեջբերումներով: Նկարների եւ գրքի վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Կեցցե Եգիպտոսը» հիմնադրամին՝ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:

«Եգիպտոսը 1915 թվականից եւ դրանից առաջ գրկաբաց ընդունել է հայ գաղթականներին, տուն, բարեկացիկ կյանք տվել: Սա շնորհակալության ձեւ է մեր կողմից բարեկամ Եգիպտոսի ժողովրդին եւ կառավարությանը»,- yerkirmedia.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եգիպտոսի Հայ Դատի հանձնախմբի մարմնի անդամ Արմեն Մազլումյանը։

Scroll Up