Մանկագիր Նունե Սարգսյան. անգլերենից մինչև Ղարաբաղի բարբառ

Լոնդոնաբնակ հայ, մանկագիր Նունե Սարգսյանը վաղուց է ծանոթ ոչ միայն հայ, այլև օտար ընթերցողին:

Նրա հեքիաթները դեռևս ուսանողական տարիներից զարդարել են խորհրդային  մանկական գրականության էջերը: Հետագայում նրա հերոսները սիրված ու սպասված դարձան թե´ Հայաստանում, թե´ Ռուսաստանում, թե´ Ուկրաինայում բնակվող մանուկների համար: Իսկ այսօր Նունե Սարգսյանի ստեղծագործությունները հասանելի են նաև Անգլիայում և երեխաներին սեր, ջերմություն ու ժպիտներ են պարգևում:

Հիանալի կերպով ճանաչելով նրանց հոգեբանությունը, նուրբ ու խոցելի աշխարհը, հետաքրքրասիրությունը՝ նա կարողանում է խոսել մանկան լեզվով, նրանց անմեղությանն ու մաքրությանը համահունչ, ստեղծում է կերպարներ, որոնք դաստիարակում են ոչ միայն փոքրիկներին, այլև մեծահասակներին:

Սիրված մանկագիրը կարողանում է պատկերել գույների մի յուրօրինակ աշխարհ, ուր միաձույլ են երազն ու իրականությունը, ուր չարի և բարու հավերժական բախումներում միշտ հաղթում է բարին, որ մանկան անեղծ հոգու բաղձանքն է:

Նունե Սարգսյանը երեխաների մեջ սերմանում է կյանքի բարոյական արժեքների նկատմամբ հավատարմություն, ուժ ու հնարամտություն՝ դրանք պահպանելու համար:

Իր գրականությամբ հեղինակը արտահայտում է իր անսահման սերը մանուկների հանդեպ, և այս առումով պատահական չէ, որ նրա պատմությունները, որ «քարոզում» են արդարություն, ազնվություն և բարություն,  գրվում են արևելահայերենով ու արևմտահայերենով, անգլերենով ու ռուսերենով, նաև՝ բարբառներով և որպես նվերներ՝ բաժանվում երեխաներին:

Նունե Սարգսյանի նախագիծը իրականացվելու է 2017թ. բարեգործական ակցիաներ,  այցելել Սփյուռքի կրթօջախներ՝ հանդիպելու հայ, աշակերտների հետ և մեծ սիրով իր  ստեղծագործություն­ները ներկայացնել մեր  մանուկներին:

ՀՀ սփյուռքի նախարարությունն Արմեն և Նունե Սարգսյանների 2017թ.բարեգործական ծրագրի աջակիցն ու օժանդակողն է: Երեխաներին նվիրված հազարավոր հեքիաթային գրքերը իրենց տպագրական որակով և իրենց հիանալի ու բարի բովանդակությամբ այսուհետ հասանելի կլինեն մեր աշխարհասփյուռ երեխաներին՝ նրանց հոգին ու սիրտը ջերմացնելու նպատակով։

Շնորհակալություն հայտնելով տեր և տիկին Սարգսյանին նվիրական այս գործունեության համար՝ մաղթում ենք նրանց ստեղծագործական ձեռքբերումներ ու հաջողություններ՝ հանուն մեր երեխաների, հանուն նրանց առողջ մանկության, հանուն հայի և Հայաստանի…

 ՀՀ սփյուռքի նախարարություն

g2g3 g4

Scroll Up