Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում ինչպես Սիրիայում ապրող, այնպես էլ Հայաստան տեղափոխված սիրիահայերն են

Դեկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով 2016թ. ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները՝ առանձնացրեց նաև սիրիահայերի հետ տարվող ծրագրերը:

Սփյուռքի նախարարն անդրադարձավ Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնություն  տրամադրելու խնդրին՝ ասելով, որ տարվա ընթացքում շարունակվել են կեցության, կրթության, աշխատանքի, մշակութային, իրավական, տնտեսական, ինտեգրման և այլ հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ սիրիահայերի օժանդակումը կազմակերպվում է երկու ճանապարհով՝ Սիրիայում ապրող և Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնելով: Սիրիահայերի հիմնախնդիրները փորձում են լուծել սփյուռքյան համահայկական, եկեղեցական  և միջազգային  կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում հատկապես Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին:

«Տարվա ընթացքում սիրիահայերի խնդիրները կարգավարելու նպատակով կառավարության տարբեր որոշումներ են ընդունվել: Միայն 245 միլիոն դրամ է հատկացրել նրանց ավտոմեքենաների ժամանակավոր մաքսազերծման հարցը կարգավորելու համար: 18.000 սիրիահայ Հայաստանի քաղաքացի է դարձել, իսկ 1800 մարդ Հայաստանում արդեն կացության կարգավիճակ ունի:

 2016-2017թթ. ուստարում սիրիահայ 436 ուսանողների ուսման վարձավճարների 70%-ը վճարվել է  ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ, իսկ ծայրահեղ կարիքավոր սիրիահայ 25 ուսանողների ուսման վարձավճարների մնացած 30 տոկոսը փոխհատուցել է Հայ օգնության ֆոնդը»,-ասաց Հրանուշ Հակոբյանը և հավելեց, որ կազմակերպվել է շուրջ 200 սիրիահայ երեխաների ամառային հանգիստը տարբեր ճամբարներում, որոնց աջակցել են «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը և Հայ օգնության ֆոնդը:

Նախարարն իր խոսքում շեշտեց նաև, որ սիրիահայերն իրենց ուրույն ձեռագիրն ու նոր մշակույթ են բերել Հայրենիք. փոքր և միջին բիզնեսում նրանց հաջողությունը տեսանելի է ոսկերչության, ասեղնագործության, սննդարդյունաբերության, սպասարկման ոլորտում:

Անցնող տարվա ընթացքում Նախարարությունը կազմակերպել է նաև «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական 6 ցուցահանդես-տոնավաճառ:

 

Scroll Up