Կյանքից հեռացավ մեր գործընկեր Թևոս Ներսիսյանը

ՀՀ Սփյուռքի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից հետո 59 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության նախկին պետ Թևոս Ներսիսյանը:

Նախարարության ղեկավարությունը և ողջ անձնակազմը սգում են սիրելի գործընկերոջ, հրաշալի մարդու, տաղանդավոր լրագրողի, նվիրյալ ընկերոջ ու բարեկամի մահը և այս ծանր պահին վշտակցում նրա հարազատներին:

Ապրիլին նա կբոլորեր իր կյանքի 60 տարին։ Դրանք ստեղծագործական երկունքի, թռիչքների ու ձեռքբերումների տարիներ էին՝ լցված ապագայի նկատմամբ հույսով ու հավատով, Հայրենիքին և հարազատ ժողովրդին ծառայելու պատրաստակամությամբ և անմնացորդ նվիրումով։ Որտեղ էլ որ եղել է նա՝ Հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս, իր բոլոր ուժերը ծառայեցրել է հանուն առաջադեմ գաղափարների հաղթանակի։ Թևոսն իր մարդկային բարձր հատկանիշների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:

Ակտիվ լրագրողի, փորձառու դասախոսի, բարեխիղճ աշխատակցի, հարազատ մարդու պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր և նրան ճանաչողների սրտերում:

Թող բարեհաճ աստծո լույսերի մեջ փառավորվի մեր սիրելի Թևոսի հոգին, քանզի իրենից հետո նա լուսավոր հետք է թողել իր բազում բանաստեղծությունների, լիամետրաժ և փաստավավերագրական ֆիլմերի, ռադիո և հեռուստաակ­նարկ­ների տեսքով։  Թող Տիրոջ Աջը հովանի լինի նրա զավակներին, թոռներին ու բոլոր հարազատներին:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

ՀՀ սփյուռքի նախարարություն

***

Ծնվել է 1957թ. ապրիլի 14-ին  ՀՀ Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքում:

Կրթությունը

1973թ. ավարտել է Մոսկվայի Տյոպլի Ստանի միջնակարգ դպրոցը:

1984թ.ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

1990թ.ավարտել է Դոնի Ռոստովի բարձրագույն կուսակցական դպրոցի (այժմ` ՌԴ նախագահին կից Հյուսիսկովկասյան կառավարման ակադեմիա) ժուռնալիստիկայի բաժինը` քաղաքագիտություն, սոցիոլոգիա մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը

1981թ. ապրիլից եղել է հայկական ԶԼՄ-ների հաստիքային գործող լրագրող:

1981-1988թթ. աշխատել է «Կոմունիստ» թերթի և հայկական ռադիոյի ռուսական հաղորդումների խմբագրության արտահաստիքային թղթակից, «Կոմսոմոլեց» թերթի թղթակից, Հայկական հեռուստատեսության ռուսական հաղորդումների ավագ խմբագիր, Հայաստանի պետական հեռուստառադիոյի՝ ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով հեռարձակվող հաղորդումների գլխավոր խմբագրության ռուսական բաժնի պետ:

1988-1990թթ. աշխատակցել է Դոնի Ռոստովի հեռուստատեսությանը:

1990թ. վերապատրաստվել է Լենինգրադի հեռուստատեսությունում:

1990-1991թթ. եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) թերթի հատուկ թղթակից:

1991-1993թթ. հիմնել և ղեկավարել է «Սվոբոդա» (ռուսերեն) թերթը:

1994թ. թղթակցել է ռուսական «2×2» հեռուստաալիքին:

1995-1997թթ. եղել է «Ինֆոկոմ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնի պետի տեղակալ:

1997թ. հիմնել  է «ԹՈՊ լրատվասոցիոլոգիական գործակալություն» ՍՊԸ-ն («TOP Agency»):

1997- 2000թթ. եղել է  Մոսկվայի «ТВЦ» հեռուստաընկերության թղթակից:

2000թ. սկսած՝ եղել է «Խոսք և իրավունք» իրավական-տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար:

2004-2005թթ. աշխատել է որպես «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) թերթի գլխավոր խմբագրի տեղակալ:

2005-2008թթ. և 2012-2014թթ. ղեկավարել է Մոսկվայի «TOP Agency» լրատվասոցիոլո­գիական գործակալությունը:

2008-2012թթ. եղել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի վարչության պետ:

2014թ. օգոստոսից մինչև 2016թ.հունիսն  աշխատել է որպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների հետ կապերի վարչության պետ:

1986թ.-ից ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ էր:

1983-1988թթ. մասնակցել է երիտասարդական ԶԼՄ-ի, ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտագործնական ամենամյա կոնֆերանսներին:

1999թ. մասնակցել է Բաթումում կայացած լրագրողների միջազգային սեմինար-կոնֆերանսին:

Հրապարակել է հարյուրավոր ակնարկներ, հոդվածներ և թղթակցություններ հայկական և խորհրդայինմամուլում, թողարկել հեռուստա և ռադիո հաղորդումներ:

Հեղինակել է տասնյակ հեռուստահաղորդումներ, այդ թվում` Դոնի Ռոստովի, Նովոռոսիյսկի, Լենինգրադի հայկական համայնքների մասին, նկարահանել լիամետրաժ և փաստավավերագրական ֆիլմեր` «Խաղաղություն հողին քո, Աֆղանստան»(1988թ.), «Ղարաբաղ, ցավ իմ» (1990թ.) և «Հյուսիսային պողոտա» (2002-2008թթ.):

Պահեստի սպա էր:

Ուներ երկու երեխա,երեք թոռնիկ:

Scroll Up