Սփյուռքում հայագիտությամբ զբաղվելը հայապահպանության ծանրակշիռ քայլերից մեկն է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/roeva2b.jpg)
Հայապահպանության կարևոր գործոններից են հայկական համայնքների ձևավորումը, դրանցում միավորված հայերի ներուժը, հայկական դպրոցները, եկեղեցին, մամուլը, հայագիտական կենտրոնները: Այս ամենի ամբողջության հզորության մեջ է տրոփում Սփյուռքում ապրող հայերի ինքնության զարկերակը:
…2014թ. սկսած՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Սփյուռքի պատմության լաբորատորիայի աշխատակիցների ուժերով, պատմական գիտությունների թեկնածու, դեկանի տեղակալ, գիտքարտուղար Օքսանա Սոլոպովայի ղեկավարությամբ հայագիտության զարգացման նպատակով, որպես պատմագիտության մեջ առանձին ոլորտ, համակարգված աշխատանքներ են տարվում: Լաբորատորիայի այս նախաձեռնությանը աջակցում են ֆակուլտետի, համալսարանի ղեկավարությունը և հայկական սփյուռքը:
2015թ. համագործակցության պայմանագիր է ստորագրվել Սփյուռքի պատմության լաբորատորիայի և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի միջև. դրա կարևոր արդյունքներից է միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին ՌԳԱ պատմաբանասիրկան գրասենյակը, ՀՀ ԳԱԱ-ն, ՌԴ-ի պետական Էրմիտաժը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը: 2016թ. համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան սփյուռքի պատմության լաբորատորիայի և ԵՊՀ-ի հայագիտության հետազոտությունների ինստիտուտի միջև, որը, մասնավորապես, ենթադրում է ԵՊՀ-ում ամառային պրակտիկաների կազմակերպումը ՄՊՀ-ի պատմության ֆակուլտետի ուսանողների համար՝ Հայոց պատմության ոլորտում մասնագիտանալու նպատակով:
«Անիվ» հիմնադրամը դրամաշնորհ է հաստատում՝ աջակցելու երտասարդ տաղանդավոր դասախոսներին, ինչպես նաև՝ նախատեսում է տարեկան հավելավճար՝ հայագիտության ոլորտում ՄՊՀ-ի ուսանողների մագիստրոսական աշխատանքների համար:
ՀՀ պետական կառույցները, մասնավորապես՝ Սփյուռքի նախարարությունը, օգնում է երիտասարդ հայագետներին՝ ավելի հմտանալու հայերենագիտության մեջ. բերենք մի օրինակ ընդամենը՝ Լոմոնոսովի անվան համալսարանի սփյուռքի պատմության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Եկատերինա Ռոևան ՀՀ սփյուռքի նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցների օգնությամբ մասնակցել է նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի վերապատրաստման դասընթացներին՝ ստանալով համապատասխան որակավորում, որն, անշուշտ, նպաստում է հայագիտության ոլորտում նրա՝ առավել հայեցի ու հայերենացված մտածողության զարգացմանը՝ վերելքի առումով:
Այս ամենը խոստումնալից է հայագիտության զարգացման համար նաև հեռահար ապագայում: Սփյուռքում հայագիտությամբ զբաղվելը հայապահպանության ծանրակշիռ քայլերից մեկն է, որին միտված են մեր հայրենակիցների գիտական աշխատանքները, հայկական մեծ ներուժը, որոնց առկայության գրավականը Հայրենիքի հետ ունեցած անհրաժեշտ կապն ու շարունակական համագործակցությունն է:
Կարինե Ավագյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»