Դինքի ընկերները ցույց են կազմակերպել. Արդար դատավարություն են պահանջում

«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 19-ին բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի շենքի առջև:

«Ակոսը» հաղորդում է, որ նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է, թե Դինքի սպանության մանրամասները թաքցնելու և արդար պայմաններում դատավարության իրականացման գործընթացը խանգարելու հարցում պետությունն ու հանցագործները միասին են գործել:

Նախաձեռնության անդամները նշել են, որ արդար դատավարության սպասումներն ու հույսերն անիրական են թվում վերջին շրջանում Թուրքիայում ստեղծված իրավիճակի և բռնությունների ու անօրենությունների հաճախակիացած դեպքերի ֆոնին, ու չնայած դրան՝ Դինքի ընտանիքն ու դատավարությանը հետևող ակտիվիստները շարունակելու են արդարություն պահանջել մինչև վերջ:

«Հրանտի ընկերներ»-ը շեշտել են, որ դատախազության կողմից սպանության մեղքը միայն գյուլենականների վրա բարդելու մղումը բարդացնում է արդար դատավարության և անկողմնակալ վճռի հասնելու գործընթացը:

Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև դատական գործեր հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով:

Ի դեպ, Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ են եկել հենց հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ պետության կողմից սկսված լայնածավալ որսի ընթացքում:

Սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյութում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:

Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:

Scroll Up