Արցախին ցույց տված չեխահայության օգնության պաշտոնական հաշվետվությունը ներկայացվեց Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում

Դեկտեմբերի 18-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կատարված ժամերգությունից հետո, Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը ներկաներին տեղեկացրեց, որ արդեն երեք տարի գործող  համայնքային «Ապրիլ 24» հանձնախումբը (կազմված Հայ եկեղեցու, ՀՀ դեսպանության եւ համայնքի ներկայացուցիչներից),  ապրիլ ամսին կազմակերպեց չեխահայության հանգանակությունը, որի արդյունքում հավաքվեց 625 հազար կրոն (23 հազար եվրո)։  Այդ օգնությունը մի քանի փուլով հասցվեց Արցախ։

a-zamergutuin-18-12-2016

Ֆինանսական հաշվետվության համար ձայնը տրվեց հանձնախմբի համանախագահ, Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին։ Վերջինս շնորհակալություն հայտնեց դրամահավաքի բոլոր մասնակիցներին եւ հատկապես ամենամեծ նվիրատուին՝ գործարար Աղասի Զավարյանին։ Դեսպանը նշեց, որ բացի համայնքային կազմակերպված օգնությունից, եղան նաեւ առանձին անհատներ, ովքեր օգնություն ցույց տվեցին ԼՂՀ-ին։

Այնուհետեւ Հայաստանի դեսպանը ներկայացրեց օգնության մանրամասները, որը հրապարակում ենք ստորեւ։

 a-tigran-seyranian

Պրահայի հայ համայնքի «Ապրիլ 24 կոմիտեի»-ի կողմից՝ Արցախի

ՊԲ-ին և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին օգնելու նպատակով հանգանակված գումարի ծախսի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավաքվել է.

  • 625,000 Kč։

Ծախսվել է.

  • US$ 2,000 – «Փարոս» հիմնադրամ, օգնություն զոհվածների ընտանիքներին,
  • 50,900 Kč – ԱԹՍ տեսախցիկ և տեսապակի,
  • US$ 16,000 – հատուկ՝ պաշտպանված ռադիոսարք – 40 հատ ,
  • US$ 3,360 – միջխրամատային հեռախոս, – 26 հատ,

Ընդամենը՝ 603,000 Kč։

Մնացել է.

  • 9,200 Kč,
  • 300 €,
  • US$ 200

Սույն հաշվետվությանը հիմք հանդիսացած ֆինանսական և տեխնիկական փաստաթղթերին ցանկացողները կարող են ծանոթանալ Պրահայի Հայ Առաքելական եկեղեցում  կամ ՀՀ դեսպանությունում։ Հասկանալի պատճառներով դրանց հրապարակումը նպատակահարմար չէ։

Մնացած գումարը՝ մոտ 22,000 Kč, առաջիկայում կօգտագործվի համանման ծրագրերի համար։

a-aleksandr-sargsyan

Հաշվետվությունից հետո ձայնը տրվեց ,,Ապրիլ 24,, կոմիտեի անդամ, ,,Ուրարտու,, Հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանին, ով անձամբ մեկնել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ անհրաժեշտ ապրանքները վաճառող ընկերությունների ղեկավարներին, կատարել վճարումները եւ ստացված ապրանքը հասցրել էր Արցախ ու հանձնել պատկան մարմիններին։

Ալեքսանդր Սարգսյանը նշեց, որ չեխահայության տրամադրած սարքերը այսօր շատ անհրաժեշտ են Արցախի բանակին եւ մեծ էկրանի վրա ցուցադրեց բոլոր փաստաթղթերը եւ փոխանցման լուսանկարները։ Նրա խոսքով, Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, այդ թվում գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հատուկ շնորհակալություն են փոխանցել չեխահայությանը, նաեւ ստացվել է պատվոգիր։

Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչները նշել են, որ թեեւ չեխահայության օգնությունը տեղ է հասել ամիսներ անց, բայց այն սահմանները պաշտպանող զինվորների համար խիստ անհրաժեշտ միջոցներն են։

Իր հերթին, ՀՀ դեսպանն ավելացրեց, որ բացի հիմնական օգնությունից, ապրիլ ամսին 2000 դոլար փոխանցվեց Սերժ Թանկյանի սատարած ,,Փարոս,, հիմնադրամին, որի միջոցով նույնպես օգնություն է հասցվել։ Նաեւ առանձին տեսախցիկ է ուղարկվել՝ հատուկ օպտիկական տեսաապակիով։

a-ruzan-navoyan,,ԱրմՊրահա,, ֆեյսբուքյան երիտասարդական խմբի անդամներն էլ իրենց համեստ ներդրումն են ունեցել, առանձին հավաքել են 620 հազար դրամ, որն ուղարկել են Հայաստան՝ օգնելու զոհված զինվորների ընտանիքներին։ Ինչպես նշեց խմբի ղեկավար Ռուզաննա Նավոյանը, նման երեք ընտանիքներից մեկին գումար է տրվել, մյուսի  համար գոմ է կառուցվել, երրորդի համար գնել են 5 գառ եւ 5 եղնիկ։ Նաեւ համակարգչային ծրագրավորման դասընթացներ են կազմակերպվել զինվորների հմար։

Վերջում դեսպան Սեյրանյանը եւ մյուս ելույթ ունեցողներն ափսոսանք հայտնեցին, որ օրվա հավաքին շատ քիչ չեխահայեր են եկել։ Նշվեց նաեւ, որ վերը նշված մնացյալ գումարը՝ 22 հազար կրոնը(9200 կրոն, 300 եվրո, 200 դոլար), ապագայում կծախսվի օգնություն ցույց տալու նպատակով՝ ըստ անհրաժեշտության։

«Օրեր», Չեխիա

Scroll Up