Երևան է ժամանել սիրիահայ ևս 4 ընտանիք. լուսանկարներ
Դեկտեմբերի 16-ին սիրիահայ ևս 4 ընտանիք` 13 հոգի, Հայաստանի Ավետարանչական ընկերակցության օժանդակությամբ և Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի աջակցությամբ ժամանեց Հայաստան:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ Լահմջյանների, Ներսեսյանների, Ղարիբյանների, Բերքոյանների ընտանիքների անդամներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը և սիրիահայ ընտանիքների հարազատները:
Հայաստան ժամանած սիրիահայ երեք ընտանիքները կբնակվեն հարազատների բնակարաններում: Ներսեսյանների 7 հոգանոց ընտանիքը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղափոխվել է Հայ ավետարանչական ընկերակցության կացարան: Օրերս նրանց համար բնակարան կվարձակալվի, որի բնակվարձը հոգալու է Հայ ավետարանչական ընկերակցությունը: