Պատերազմի ամենադաժան օրերին «Գանձասար»-ն անգամ մեկ ժամով չի դադարեցրել իր աշխատանքը

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց Սիրիայի Հալեպ քաղաքի «Գանձասար» շաբաթաթերթի վարչական պատասխանատու Գևորգ Աբահունիին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Սերժ Սրապիոնյանն իր հիացմունքն արտահայտեց  «Գանձասար»-ի նվիրյալ խմբագրակազմի գործունեության վերաբերյալ, նշեց, որ ծանր, պատերազմական իրավիճակում թերթի անխափան տպագրությունն ու կայքի ակտիվությունը վկայում են աշխատակիցների խիզախության, ուժեղ կամքի մասին: «Դուք իսկական առաքյալներ եք, ավերածությունների բովում ապրող ու գործող բոլոր սիրիահայերը հերոսներ են, մեր ժամանակների հայ հերոսները, ում գերխնդիրը համայնքի սյուները՝ եկեղեցին, դպրոցը և թերթը պահպանելն է»,- ասաց նախարարի տեղակալը: Նա հայտնեց նախարարի և ողջ նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու «Գանձասար»-ի աշխատակազմին: Նախարարի տեղակալը առանձնակի կարևորեց և բարձր գնահատեց թերթի տաղանդավոր ու համարձակ խմբագրի՝ Զարմիկ Պողիկյանի գործունեությունը, նրա ոգևորող, համայնքին հույս ու լավատեսություն հաղորդող խմբագրականները, որոնք մեծ ոգևորությամբ են կարդում նաև Հայրենիքում:

Գևորգ Աբահունին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ պատահաբար մասնակցելով «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությանը՝ հիացավ սփյուռքահայ երիտասարդների խանդավառությամբ, ուժ ստացավ դահլիճի դրական առողջ ու կենարար մթնոլորտից:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, հայ համայնքի բազմաթիվ խնդիրներին, Գևորգ Աբահունին նշեց, որ, հայության արտահոսքին զուգընթաց՝ նվազում է «Գանձասար»-ի տպաքանակը, 1500-ից հասնելով 400-ի, չափազանց դժվարանում է թղթի ձեռքբերումը աշխատանքի կազմակերպումը, կապի ապահովումն ու կայքի անխափան գործունեությունը: Այսուհանդերձ 25 տարվա պատմություն կերտած «Գանձասար»-ը պատերազմի ամենադաժան օրերին անգամ մեկ ժամով չի դադարեցրել իր աշխատանքը: Խմբագրակազմաը տեղից տեղ է տեղափոխվել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, բայց թերթն անընդմեջ լույս է տեսել:

Scroll Up