Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այցելեց Իրանում ՀՀ դեսպանություն

Դեկտեմբերի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը, որին ուղեկցում էին Իրանի հայոց հոգևոր թեմերի առաջնորդներն ու իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ողջունելով վեհափառին, նրան ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, խոսեց միջպետական հարաբերություններում իրանահայ համայնքի կարևոր դերի և համահայկական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների մասին:
Կաթողիկոս Արամ Առաջինը, կիսվելով Թեհրան կատարած իր այցի տպավորություններով, կարևորեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով հայապահպանության և ազգային վերելքի անհրաժեշտ նախապայման: