Լեհաստանում բացվել է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/լեհաստան2.jpg)
Դեկտեմբերի 6-ին Լեհաստանի Կիելց քաղաքի Ազգային թանգարանի միջմշակութային երկխոսության բաժնում բացվել է «Հայկական արվեստանոց–մանրուքների արվեստը» խորագրով ցուցահանդեսը: Կազմակերպիչն ու նախաձեռնողն է թանգարանի պատմության բաժնի ղեկավար ու հայ մշակույթի մեծ սիրահար Պավել Գժեշիկը:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ ցուցահանդեսում ներկայացված են հայկական մշակույթը խորհրդանշող ինքնատիպ նմուշներ` գորգեր, գոտիներ, զենքեր, հին ձեռագրեր և հայատառ գրություններ, ինչպես նաև՝ հայկական միջնադարյան ճարտարապետությանը նվիրված լուսանկարներ, որոնք Պավել Գժեշիկն անձամբ է արել Հայաստանում:
Ցուցադրվող նմուշները հավաքված են Կիելցի և Կրակովի ազգային թանգարաններից, Վարշավայի Թագավորական ամրոցից և Ազգային գրադարանից, ինչպես նաև՝ Վարշավայում Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամից:
Պավել Գժեշիկի խոսքերով՝ հայկական պատմությունն ու մշակույթը շատ հարուստ է և ինքնատիպ, որն իր ազդեցությունն է թողել նաև լեհական մշակույթի վրա: «Հայկական արվեստանոց–մանրուքների արվեստը» խորագրով ցուցահանդեսով թանգարանի պատմության բաժնի ղեկավարը ցանկացել է այցելուներին հաղորդակից դարձնել հայկական արվեստին ու մշակույթին:
«Հայկական արվեստանոց–մանրուքների արվեստը» ցուցահանդեսը կգործի մինչև 2017թ.-ի մարտի 12-ը: