Բեյրութում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Լեոնորայի մենահամերգը
Դեկտեմբերի 10-ից 13-ը աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Բուրջ Համուդի Հակոբ Տեր-Մելքոնյան համերգասրահում մասնակցել է օպերային երգչուհի Լեոնորայի (Արևիկ Թանաշյան) մենահամերգին՝ Լիբանանում ՀՀ դեսպանության, «Նոր սերունդ» մշակութային միության, «Թեքեյան» մշակութային միության, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կազմակերպմամբ և ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ:
Ըստ «Հայերն այսօր»-ի՝ շուրջ 400 հանդիսականների մասնակցությամբ համերգն անցել է խանդավառ մթնոլորտում: Սեթո Բաղդասարյանի նվագախմբի հետ միասին երգչուհին ներկայացրել է ժողովրդական և ազգային սիրված երգերի շարք: Հատկանշական է, որ Գյումրիում ծնված ու Երկրաշարժից հրաշքով փրկված երգչուհին իր մենահամերգից ստացված ողջ հասույթը որոշել է նվիրաբերել սիրիահայերին:
«Սիրիան և սիրիահայությունը ծանր օրեր ապրեցին և դեռ շարունակում են ապրել: Այդ ծանր օրերին նրանց կողքին էր նաև լիբանանահայությունը: Դուք ամեն ինչ արեցիք, որ մոտ 10-15 հազար սիրիացիներն իրենց լավ զգան այս երկրում: Հայրենիքն իր հերթին գրկաբաց ընդունեց շուրջ 22.000 սիրիահայերի: Եվ մենք անում ենք ամեն բան, որպեսզի նրանք հաստատուն կանգնեն իրենց սեփական հողի վրա»,-ողջունելով երգչուհու այս գովելի նախաձեռնությունը՝ համերգի ավարտին ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նաև մատնանշել է այն քայլերը, որոնք Հայաստանի Հանրապետությունն արել և անում է՝ Հայաստանում հաստատված սիրիահայերի ինտեգրմանը նպաստելու համար:
Շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով՝ Հրանուշ Հակոբյանը նշել է. «Հայրենիքն այսօր մեծ բարեփոխումներ է ապրում: Հայրենիքն սպասում է լավագույն ներդրումների ձեր կողմից: Մենք բարեգործություն չենք ուզում, մենք ուզում ենք, որ Հայաստանը ծաղկի, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն: 12 միլիոն հայերով կարող ենք ստեղծել մեր երազանքների Հայաստանը: Ես ուզում եմ, որ դուք հպարտ լինեք, քանի որ անցնող 25 տարիների ընթացքում 2 հայկական պետություն ենք ստեղծել՝ ազատ ու անկախ Հայաստանը և մեր չքնաղ Արցախը»:
Վերջում նախարարը շնորհավորել է բոլորին՝ գալիք Սուրբ Ծնունդի և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով, որ 2017-ը խաղաղություն ու ջերմություն բերի: «Ուզում եմ, որ 2017-ը լինի Հայի տարի, Արցախի տարի, մեր հաղթանակների ու առաջընթացի տարի: Ուզում եմ, որ 2017-ին ձեզանից ամեն մեկն անպայման հյուրընկալվի Մայր Հայաստանում»,-ասել է Հրանուշ Հակոբյանը: