Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոց. Ավետիս Ահարոնյան-150
Նոյեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված «Մեր մեծերը-2016» շարքում տեղ գտած հայ վշտի մեծ երգիչ, հայ գրականության «թուխ Արամազդ» Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից:
Ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյանը միջոցառումն սկսեցին Ավետիս Ահարոնյանի խոսքերով, իսկ 12-րդ դասարանի աշակերտ Սերյան Խաչատրյանը հանդես եկավ ազատության ճանապարհի մեծ երգչի` Ավետիս Ահարոնյանի մարգարեաշունչ պատգամով. «Կատարյալ ազգը քաղաքակիրթ պիտի լինի և հերոսական միաժամանակ: Վայ այն ազգին` որ մեռնել ու մեռցնել չգիտե մի վսեմ գաղափարի համար»:
Այնուհետև միջոցառման ներկաները դիտեցին տեսանյութ՝ նվիրված Ավետիս Ահարոնյանի կյանքին և գործունեությանը: 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը և 8-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը ծանոթացրեցին Ավետիս Ահարոնյանի «Լռություն» և «Մենավոր ծառը» ստեղծագործությունների բովանդականությանը:
Միջոցառումն ավարտվեց հայոց վշտի և ազատության անզուգական երգչի հետևյալ խոսքերով. «…Ես հավատում եմ, հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ, որովհետև Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացոց հոգին է բռնել իր մայրական քնքույշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում, նայու՜մ է ճամփաներին»:
Հիշեցնենք, որ Ավետիս Ահարոնյանն ընդգրլված է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2016» ծրագրում: