Մեկնարկեց ջավախքցի երիտասարդների առաջնորդության 2-րդ ծրագիրը
Մեկնարկեց ջավախքցի երիտասարդների առաջնորդության 2-րդ ծրագիրը
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը, Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը, «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը համատեղ կազմակերպել են առաջնորդության դասընթաց ջավախքցի երիտասարդների համար արդեն երկրորդ անգամ։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Արմենուհի Հովսեփյանը՝ դասընթացի նպատակն է պատրաստել ջավախցի առաջնորդներ, ովքեր կկարողանան ինքնուրույն նախաձեռնել ծրագրեր և դրանք իրականացնել, կկարողանան համատեղել թիմակիցներին մի գաղափարի շուրջ և առաջնորդել նրանց, կկարողանան իրենց մասնագիտական ոլորտում իրականացվող գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ։ Մասնակիցների հետ հանդիպելու են ոլորտի առաջադեմ մասնագետները, տեսականորեն ներկայացնելու և այնուհետև քննարկելու են հետաքրքիր թեմաներ։ Դասընթացը ներառում է պրակտիկ հմտություններ ինքնազարգացման, մարդկային ռեսուրսների կառավարման, հռետորիկայի, բանակցությունների և այլ թեմաների վերաբերյալ։
Դեկտեմբերի 3-ին, Էլիտ պլազա բիզնես կենտրոնում տրվեց դասընթացի մեկնարկը։ Մասնակիցներին ողջունեց ՍՈՒԽ-ի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանը և ասաց. «Ուրախ եմ, որ մասնակցում եք այս դասընթացին և ցանկանում եմ, որ այն իրոք ծառայի իր նպատակին»։ Մասնակիցներին ողջունեց նաև ՀՀԶԿ-ի նախագահ Աշխեն Մկոյանը և նշեց. «Դասընթացի ընթացքում նորանոր բացահայտումներ կունենաք և հուսով եմ, որ այստեղ ստացած գիտելիքները կծառայեցնեք Ջավախքում»։ Դասընթացի առաջին օրվա դասընթացավարներն էին՝ քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը և «Երիտասարդ առաջնորդների դպրոց» հկ-ի նախագահ Հայկ Մամիջանյանը։ Լևոն Շիրինյանը համառոտ անդրադարձավ Ջավախքի պատմությանը, այնուհետև բարձրաձայնեց նրա հիմնախնդիրնեը և մասնակիցներին առաջարկեց միասին լուծում գտնել»։ Նա նաև խորհուրդ տվեց երիտասարդներին շատ կարդալ և տիրապետել շատ ինֆորմացիայի։ Հայկ Մամիջանյանն էլ մասնակիցներին ներկայացրեց, թե ի՞նչ է առաջնորդություը, ո՞վ է առաջնորդը և ինչպե՞ս կարելի է դառնալ առաջնորդ։ Մեզ հետ զրույցում մասնակիցներից Հովսեփը նշեց. «Որոշեցի մասնակցել այս դասընթացին, քանի որ այն ինձ շատ հետաքրքրեց։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին մեզ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար»։ 1-ին դասընթացի մասնակիցներից Ալինան էլ կիսվեց իր տպավորություններով. «Դասընթացի շնորհիվ իմ կյանքում շատ դրական փոփոխություններ եղան։ Դարձա ավելի ինքնավստահ, հասկացա՝ ինչպես ճիշտ նպատակներ դնեմ իմ առջև։ Իմացա բիզնեսի գաղտնիքները և հիմա մի քանի բիզնես պրոյեկտներ ունեմ, որոնք վստահաբար իրականացնելու եմ»։