Ստրասբուրգի «Հայորդի»-ները՝ մշտապես Արցախի կողքին

Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդական միությունը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը: Ղեկավարն է Դավիթ Հովսեփյանը:

Ստրասբուրգում գործող «Հայորդի» երիտասարդաց միության երիտասարդները մշտապես ակտիվ նախաձեռնություններով են հանդես գալիս՝ կանգնելով նաև արցախահայության և Արցախի ու Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների կողքին:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, արդեն 2-րդ տարին է՝ միության կողմից իրականացվում է «Օգնենք սահմանամերձ գյուղերին» բարեգործական ծրագիրը: Նպատակը՝ սահմանամերձ գյուղերում բնակվող  անապահով ընտանիքների երեխաներին հագուստով և գրենական պիտույքներով ապահովելն է:

Այս տարվա հուլիսի 30-ից մինչ օգոստոսի 3-ը  երիտասարդներն այցելեցին Արցախ և ՀՀ Տավուշի մարզ՝ միության  օգնությունը հասցնելով անապահով ընտանիքներին, եղան Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան և Նոր Հայկաջուր գյուղերում, իսկ Տավուշի մարզում օգնեցին  Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր  և Այգեպար գյուղերի  անապահով ընտանիքներին: Ընդհանուր առմամբ՝ օգնություն ցուցաբերվեց շուրջ 140 ընտանիքի:

Scroll Up