«Արմատն» ամրացնում է արմատները

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային լրատվամիջոցը պարբերաբար անդրադառնում է Սփյուռքում գործող հայապահպան կառույցների գործունեությանը: «Հայերն այսօր»-ի խնդրանքով Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Արմատ» կիրակնօրյա դպրոցի ուսմասվար, պետական «Ցենտրալնի» ստեղծագործական կենտրոնի մանկավարժ Երազիկ Հարությունյանը  ներկայացրել է այդ հայապահպան կառույցի ծավալած  գործունեությունը.

– Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Արմատ» կիրակնօրյա դպրոցը (նախկինում՝ «Խաչքար») հիմնադրվել է 2007թ. Գերաշնորհ Մովսես Մովսեսյան եպիսկոպոսի օրհնությամբ, բարերարներ Անդրեյ Ամոսովի և Կարեն Գրիգորյանի  օժանդակությամբ և Երազիկ Հարությունյանի ուսումնական ծրագրով։ Դպրոցը նախ տեղակայված էր սբ.  Հովհաննես Ավատարանիչ եկեղեցու ծառազարդ բակում, երկու փոքրիկ, լուսավոր սենյակներում, իսկ  2014 թ.-ից տեղափոխվել է «Վարդանյան» նորակառույց կենտրոնի հարմարավետ շենք։

Այս դպրոցը թեև ընդունված կարգով կոչվում է կիրակնօրյա, բայց աշխատում է շաբաթվա հինգ օրերին։ Այստեղ նոր խմբերում ընդունելություն կատարվում է երեք անգամ՝ սեպտեմբերին, հունվարին և ապրիլին։ Ամեն տարի ընդունվում է շուրջ հիսուն նոր երեխա, աշակերտների թիվը տատանվում է 300-350-ի շուրջ։ Դպրոցը 2016-17 ուսումնական տարում ստացել է պետական հավաստագիր, որպես լրացուցիչ կրթության կենտրոն և այստեղ հայոց լեզվին, գրականությանը և հայրենագիտությանը համալրել են նկարչության, երգի, պարի, անգլերենի, հայկական ժողովրդական նվագարանների խմբակները։ Այս դպրոցում 4-ից մինչև 50 տարեկան սաները ուսումնասիրում են ժամանակակից հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմության, մշակույթի և ազգագրության հիմունքներ, հայ կրոնի և եկեղեցու պատմություն։ Յուրաքանչյուր խումբ 40 րոպեանոց երկու կամ երեք դասի է գալիս շաբաթական 1-2 անգամ։ Բոլոր եկեղեցական և ժողովրդական տոների ու նշանավոր տարեթվերի առիթով այստեղ կազմակերպվում են գրական-գեղարվեստական միջոցառումներ։ Խմբերը  կազմված են 10-16 աշակերտներից և ունեն իրենց անվանումները։ «Փոքր Մհեր»¸ «Սասունցի Դավիթ»¸  «Մեսրոպ Մաշտոց», «Մեծ Մհեր», «Ուրարտու», «Խաչքար» հիմնական դասարանները, և «Այվազովսկի», «Կոմիտաս» «Առնո Բաբաջանյան» «Վախթանգով» գեղարվեստական ստուդիաները կահավորված են ժամանակակից պահանջներին համապատասխան, հայկական շնչով։ Դպրոցում ուսանող ուսման տարբեր ժամկետներով և իրենց առջև դրված ամենատարբեր առաջադրանքներով.  «Հայկ»¸ «Արա Գեղեցիկ»¸ «Նարեկացի», «Կոմիտաս», «Արարատ»,  «Մեծ Մհեր», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ» և այլ ավագ խմբերի ուսանողներն ու երիտասարդները դառնում են Թեմի երիտասարդական կազմակերպության առանցքը և ծավալում հայանպաստ գործունեություն քաղաքում և երկրամասում։

 «Արմատ»  դպրոցը սերտ համագործակցության մեջ է ՀՀ կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարությունների հետ, մասնակցում է համահայկական բոլոր միջոցառումներին։ Այստեղ դասավանդող հայոց լեզվի չորս ուսուցիչներն էլ՝ Երազիկ Հարությունյանը, Մեքսիդա Հովհաննիսյանը,  Արշալույս Երեմյանը և Կարինե Կատանյանը տարբեր տարիների արժանացել են «Մայրենիի պաշտպան» համահայկական մրցույթի առաջին կարգի մրցանակի, վերջերս դպրոցի ուսմասվար Երազիկ Հարությունյանը արժանացավ ՀՀ Վարչապետի հուշամեդալի՝ «Հայոց լեզվի և գրականության պահպանման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար»։ Այս դպրոցի աշակերտները 4 անգամ գլխավոր մրցանակ են շահել «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով գրական ստեղծագործության համահայկական մրցույթում և արժանացել պատվոգրերի Երևանի Գեղագիտական դաստիարակության կենտրոնի՝ պատանի նկարիչների ամենամյա մրցույթում։ Ավանդական է դարձել մասնակցությունը տարբեր առարկաների համահայկական օլիմպիադաներին։

«Արմատ» դպրոցը 2 անգամ արժանացել է Սփյուռքի նախարարության մրցանակի։

Դպրոցի հիմնադրումից հետո շատ քիչ ժամանակ պահանջվեց, հասկանալու համար, որ ռուսախոս երեխային հայկական դպրոցի դասագրքերով շաբաթական մեկ երկու դասաժամի ընթացքում հայերեն չես սովորեցնի։ Ռուսախոս միջավայրի համար եղած ուսումնական ձեռնարկները կամ ժամանակավրեպ էին, կամ բարդ կամ էլ անհետաքրքիր։ Հայկական դպրոցն ունի  հնամյա ավանդներ, իսկ Սփյուռքը՝  մայրենի լեզվի դասավանդման հարյուրամյա փորձ։ Թվում է՝ ոչ մի նոր խոսքի կարիք և հնարավորություն այս ասպարեզում չկա։ Սակայն, յուրաքանչյուր միջավայր և ժամանակաշրջան ծնում են իրենց յուրահատկությունները, և կրթության¸ դասավանդման մեթոդաբանական համակարգում կարծրատիպեր լինել չեն կարող։ Կիրակնօրյա դպրոցում հայերենը դասավանդվում է որպես օտար լեզու, յուրաքանչյուր աշակերտ ցանկանում է կարճ ժամկետում հասնել շոշափելի արդյունքների՝ գործադրելով մինիմալ ջանքեր։ Շեշտը առաջին հերթին դրվում է բանավոր խոսակցական լեզվի վրա։ Այս պահանջները բավարարող դասագրքերը օրապահանջ էին։

Հիմք դրվեց կրթական նոր ծրագրերի, որոնց արդյունքում ծնվեց «Արմատ» հնգամասն կրթական համալիրը։ Այն հավանության է արժանացել ՀՀ Կրթության ազգային ինստիտուտում և երաշխավորվել ՀՀ կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարությունների կողմից։

Համալիրի ընդգրկում է «Հայկ», «Փոքր Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Մեծ Մհեր» ուսումնական ձեռնարկները, բառարան, ձայներիզներ, ինտերակտիվ նյութեր։

Դպրոցը ղեկավարվում է երիտասարդ մասնագետ Ալեքսանդր Բարսեղյանի կողմից և մշտապես գտնվում է «Վարդանյան» կենտրոնի տնօրեն Տեր Սարգիս Թաշջյանի ուշադրության կենտրոնում։

Մշտապես նորոգվում է հիմնական սկզբունքը՝ երեխան պետք է գա հայկական դպրոց¸ որպես տոնի¸ հաճելի հաղորդակցման¸ ուր իրեն սիրում են¸ հասկանում են¸ միշտ պատրաստ են օգնել։ Լեզվամտածողությունը ազգային երևույթ է և արժեք։ Մայրենի լեզվի հետ ամենամակերեսային շփումն անգամ պետք է պարգևի հոգեկան ներդաշնակություն և բավարարվածություն։ «Արմատ» դպրոցը Կրասնոդարի հայերի համար դարձել է այն ամենաջերմ օջախը, ուր անսքող կարելի մտնել ցանկացած տրամադրության դեպքում, ցանկացած խոհերով, խնդրանքներով և առաջարկություններով կիսվելու համախոհների հետ։ Այստեղ հավասարաչափ իրենց լավ են զգում և՛ հինգ տարեկան փոքրիկը, որ նկարներով և տեսանյութեորվ սովորում է իր առաջին հայերեն բառերը, և՛ հիսուն տարեկան, արդեն տատիկ դարձած հայ տիկինը, որ նոր է միայն հասկացել, թե ինչն է իրեն խանգարում հոգեկան բավարարվածություն ձեռք բերել, և՛ քսանամյա երիտասարդը, որ ցանկանում է ուղղել ծնողների սխալը և որոնել արմատների մատնանշած հետաքրքրությունների ամենալայն շրջանակները… Եվ այս այն միակ վայրն է, ուր միասին կարելի է երազել Հայաստանի հզորության և տունդարձի մասին, երազել, ձգտել, ուղիներ որոնել, առաջարկություններ անել, երբեմն էլ հայանպաստ նախաձեռնություններ հեղինակել։

Երազիկ Հարությունյան

Ք. Կրասնոդար

Հ.Գ. Նոյեմբերի 28-29-ը Կրասնոդարի Հայոց թեմի Առաջնորդարանի «Վարդանյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախաձեռնությամբ և աջակցությամբ կայացած «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» տարածաշրջանային համաժողովի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալ է հանձնել Երազիկ Հարությունյանին:

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf

Scroll Up