Ֆրանսիայում հայկական խաչի պատճառով հարձակվել են Վալերի Բուայեի վրա

Ֆրանսիայում աջերի եւ կենտրոնամետների փրայմերիզում հաղթած Ֆրանսուա Ֆիյոնի մամուլի քարտուղար Վալերի Բուայեն սկանդալային պատմության մեջ է հայտնվել:
Ըստ Le Figaro-ի՝ France 2 հեռուստաալիքը նրան հրավիրել է՝ Ֆիյոնի հաղթանակը մեկնաբանելու: Բուայեն լուրերի թողարկման ժամանակ եթեր է դուրս եկել հայկական խաչով շղթայով, ինչը համացանցում բուռն արձագանքի է արժանացել: Բանն այն է, որ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն, կրոնական խորհրդանիշերի հրապարակային ցուցադրությունն արգելվում է:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր Ազգային ժողովի պատգամավորին մեղադրել են հանրապետության օրենքներն ու աշխարհիկ պետության կանոնները խախտելու մեջ:
Հարկ է նշել, որ այդ օրը Վալերի Բուայեն Ֆիյոնի հաղթանակը մեկնաբանել է մի քանի հեռուստաալիքներով:
France 2-ի տված հարցազրույցից որոշ ժամանակ անց BFMTV-ի եթերում նա արդեն առանց խաչի է եղել: