Նապոլեոնի ազգությամբ հայ թիկնապահին նվիրված խաչքար Ֆրանսիայում
Նոյեմբերի 26–ին Ֆրանսիայի Դուրդան (Dourdan )քաղաքում տեղադրվեց խաչքար՝ նվիրված Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թիկնապահ, ազգությամբ հայ Ռուստամ Ռազայի (իսկական անունը՝ Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան) հիշատակին։ Նախաձեռնության հեղինակը Ֆրանսահայ վետերանների և դիմադիրների միությունն է՝ նախագահ Անտուան Բաղդիկյանի ղեկավարությամբ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ֆարիզի «Այբ» հայկական ռադիոյի լրագրող Անժելա Սահակյանը՝ բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանը, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը, Դուրդանի քաղաքապետ տիկին Մարիվո Բոգենին, Ֆրանսահայ վետերանների և դիմադիրների միության անդամներ և այլք։
Հավելենք, որ խաչքարը պատրաստվել է Հայաստանում: Ֆրանսիա տեղափոխմանը աջակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը: