«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլի արդարադատության պալատի առջև

«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլի արդարադատության պալատի շենքի առջև, այս մասին Tert.am-ը տեղեկանում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի Twitter-ի պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները, որոնց թվում է նաև Կարո Փայլանը, տարածած հայտարարության մեջ հայտնել են, որ իրենք հետևելու են Դինքի սպանության գործով դատավարությունների ընթացքին այնքան ժամանակ, մինչև իրական ոճրագործներն ու նրանց համախոհները չկրեն իրենց արժանի պատիժը: Նախաձեռնության անդամները հայտարարության մեջ նշել են նաև, որ դատախազությունը ներկա փուլում սկսել է շեշտադրումներ անել այն անհերքելի փաստերի վրա, որոնք իրենք մատնանշում էին դատավարության առաջին իսկ օրերից, և այժմ արդարություն պահանջող կողմը վստահ չէ, թե արդյոք դատական ընթացքը վարողները կբավարարվեն միայն այդ փաստերին նայելով, թե ի վերջո կնախընտրեն իսկապես տեսնել «մերկ ճշմարտությունը»:

«Այս օրերին, երբ արյունն արյան, իսկ քենը քենին է խառնվել, մենք ավելի շատ ենք զգում Հրանտ Դինքի պես մի ձայն ունենալու կարիքը: Արդարության մեր պահանջն առաջին օրն ունեցած համառությամբ բարձրաձայնելու համար այսօր ևս Չաղլայան պալատի դիմաց պետք է լինենք», -ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կայացած դատական լսումների ժամանակ հարցաքննվել են Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերն ու հետախուզության շտաբի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի ներկայիս ղեկավարի օգնական Հասան Դուրմուշօղլուն, ինչպես նաև այժմ Թուրքիայի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար, Տրապիզոնի հետախուզական շտաբի նախկին պետ Էնգին Դինչը:

Դինքի ընտանիքի փաստաբանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարցաքննվել է Օգյուն Սամասթը:

Ավելի ուշ` նոյեմբերի 7-ին կայացած դատական նիստում աղմկահարույց հայտարարություն է արել ամբաստանյալներից Տրապիզոնի հետախուզության շտաբի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, որը խոստովանել է, որ Դինքի սպանության նախապատրաստական փուլում Ստամբուլի այն ժամանակվա նահանգապետ Ջելալեդդին Ջերահն իրենից պահանջել է ոչնչացնել սպանության նախապատրաստման մասին վկայող բոլոր նյութերը:

Scroll Up