Շատ դյուրին է Հայաստանը փոքրիկ Շվեյցարիա դարձնել. Էդուարդ Մանուկյան

«Հայերն այսօր»-ի զրուցակից, եգիպտահայ Էդուարդ Մանուկյանը մասնագիտությամբ բժիշկ է՝ ռևմատոլոգ, միաժամանակ արդեն շուրջ 33 տարի է՝ աշխատում է նաև դեղագործական ոլորտում, զբաղվում դեղագործական արտադրությամբ, արտահանմամբ: Տարիներ շարունակ աշխատել է եգիպտական դեղագործական մի շարք ընկերություններում, որոնցից մի քանիսին ներկայացնում է մինչև հիմա թե´ Հայաստանում, թե´ այս տարածաշրջանում գրեթե 14 տարի: Էդուարդ Մանուկյանի խոսքով, սակայն, իր գործունեության կարևոր քայլը Հայաստանում ընկերություն հիմնելն է.

– Այս տարի Հայաստանում ներկայացուցչական ընկերություն բացեցինք՝ «Marckyrl Armeni»: Այսուհետ եգիպտական արտադրանքը, դեղագործական հումքերը կկարողանանք Հայաստան բերել և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցելով՝ արտադրություն իրականացնել, որի վրա մատնանշված կլինի. «Արտադրված է Հայաստանում»: Արտադրանքը կկարողանանք վաճառել Հայաստանում և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներում՝ օգտագործելով Հայաստանի անդամակցությունը:

– Պարո´ն Մանուկյան, Հայաստանում դեղագործական ոլորտը ներդրումային ի՞նչ հնարավորություններ ունի:

– Հայաստանն ունի դեղագործական 5 ընկերություն, որոնց արտադրանքի մակարդակը շատ բարձր է: Հայաստանը կարելի է դեղագործական արտադրանքի կենտրոն դարձնել, բոլոր կարելիությունները կան այստեղ: Կան մարդիկ, կադրեր, որոնք ունեն համապատասխան կրթություն և գիտելիքներ, որոնք պետք է միայն զարգացնել:  Նրանք պատրաստ են աշխատելու, պետք է նրանց ընդամենն առիթ տալ: Մենք կարող ենք նրանց ներուժն օգտագործելով՝ այս ոլորտում հաջողել և հարևան երկրների շուկաներ մուտք գործել:

– Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում ընկերություն հիմնելու գաղափարը:

–  Ինչպես ասացի՝ մեր ընկերությունը 14 տարի է այս տարածաշրջանում է աշխատում: Այն աշխարհի տարբեր երկրներում մասնաճյուղեր ունի և ցանկացան այս տարածաշրջանում ևս ընկերություն բացել: Իմ գործընկերները գիտեն, որ հայ եմ, նրանց հետ հաճախ եմ հայերի մասին խոսում: Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ Երևանը ընտրենք, թեև շատ դյուրին էր Մոսկվայում բացել գրասենյակը:

Սա, բնականաբար, խոսում է նաև Հայաստանի նկատմամբ ունեցած վստահության մասին: Երբ հանդիպում ունեցա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, մի դեպք պատմեցի, որին հիմա էլ եմ ուզում անդրադառնալ:

Ընկերությունը հիմնելիս՝ երբ պայմանագիր էինք կնքում, որը կազմված էր հայերենով, ընկերության գլխավոր տնօրենը (ես միայն 25 տոկոսի բաժնետերն եմ) ստորագրեց այն առանց իմանալու, թե ինչ է գրված պայմանագրում: Այնուհետև ինձ ասաց. «Թարգմանիր և բեր ինձ»: Սա խոսում է մեր ազգի հանդեպ ունեցած վստահության մասին:

Պետք է փորձենք նրանց վստահությունն արդարացնել և լավ օրինակ ծառայել, որպեսզի հաջողենք:

– Պարո´ն Մանուկյան, կարծում եմ՝ վստահության հարցում մեծ դերակատարություն ունի նաև Եգիպտոսի հայկական համայնքը, որը կարողացել է ճանաչելի դարձնել հայերին ու Հայաստանը այդ երկրում:

– Եգիպտոսում հայերը շատ հարգված են, սիրված, այս տարիների ընթացքում որևէ խնդիր չենք ունեցել:

Արդեն 70 տարի է՝ Եգիպտոսի հայ համայքն ունի կրոնական համայնքի կարգավիճակ, որը ղեկավարվում է համայնքային օրենսդիր` Եգիպտահայ Թեմական Ժողովի Համագումար, (Կահիրեի և Ալեքսանդրիայի թեմական ժողովներ) և գործադիր` Քաղաքական, (Կահիրեի և Ալեքսանդրիայի քաղաքական ժողովներ) մարմինների կողմից:

Համայնքի առաջնորդին, որը ներկայացվում է Էջմիածնի և ընտրվում Ազգային ժողովի կողմից, Եգիպտոսի կառավարությունը քաղաքացիություն է տալիս և դիվանագետի անձնագիր:

Մենք Եգիպտոսում ունենք Առաջնորդարան, դպրոցներ, եկեղեցիներ, լույս են տեսնում հայերեն օրաթերթեր, ամեն ազատություն ունենք, մեր խնդիրը միայն թիվն է: Պայմանների բերումով այս տարիների ընթացքում Եգիպտոսում բնակվող հայերը տարբեր երկրներ են մեկնել: Բայց անկախ ամեն ինչից, համայնքը կանգուն է առ այսօր:

–  Պարո´ն Մանուկյան, այժմ կցանկանայի, որ խոսենք Ձեր ազգային գործունեության մասին:

– Եգիպտոսում հայերը երկու քաղաքում են բնակվում՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում: Մայրաքաղաքում՝ Կահիրեում, որտեղ և գտնվում է Առաջնորդարանը, հայերի թիվն ավելի մեծ է: Ինչպես ասացի, երկու քաղաքներն ունեն իրենց Ազգային ժողովները, որոնք բաղկացած են 24-ական պատգամավորներից, որոնց ընտրում է ժողովուրդը:

Այժմ ես Ալեքսանդրիայի Ազգային ժողովի գանձապահն եմ, միևնույն ժամանակ՝ փոխհարաբերության ատենապետը՝ համայնքի և կառավարության միջև, գրեթե 3 տարի:

Յուրաքանչյուրն իր աշխատանքն ունի Եգիպտոսում, սակայն դա չի խանգարում ազգային գործունեությամբ զբաղվել:

– Պարո´ն Մանուկյան, ե՞րբ եք առաջին անգամ եղել Հայաստանում:

– 13 տարեկանում իբրև լավ սովորող աշակերտ՝ ինձ Հայաստան այցելելու հնարավորություն էր տրվել: Գրեթե 40 օր Հայաստանում մնացի, տարբեր վայրեր այցելեցինք: Հիշում եմ՝ շատ լավ տպավորություններով էի վերադարձել:

Հաջորդ այցելությունս արդեն 2002 թվականին էր: Աշխատանքի բերումով տարին 3-4 անգամ լինում էի Հայաստանում: Հիմա արդեն ամիսը 10-15 օր այստեղ եմ:

– Այս տարիների ընթացքում փոփոխություններ նկատո՞ւմ եք:

– Այո, բայց դեռ շատ անելիքներ ունենք: Եթե գործատեղիներ բացվեն, մարդիկ ապրուստի միջոցներ ունենան, չեն արտագաղթի, կմնան երկրում: Շատ դյուրին է Հայաստանը փոքրիկ Շվեյցարիա դարձնել:

Այս վերջին շաբաթվա ընթացքում շատ կարևոր հանդիպումներ ունեցա տարբեր պաշտոնյաների հետ, որոնք պատրաստակամություն հայտնեցին ամեն ինչում նեցուկ լինել մեզ և օժանդակել մեր բոլոր նախաձեռնություններին: Իսկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մի պաշտոնյա էլ ասաց, որ պատրաստ են ներդրողին օդանավակայանից դիմավորել:  Սա շատ կարևոր մոտեցում է: Եթե կառավարությունը կարողանա սփյուռքահայերին սիրաշահել և Հայաստան բերել՝ ներդրումներով, շատ բան կշահենք:

Այսօր Սփյուռքում որքա՞ն հայ է ապրում: Բոլորն էլ հայասեր են և որևէ ձևով կարող են Հայաստանին օգնել: Մենք պետք է նրանց քաջալերենք: Կկարողանանք այս երկիրը ծաղկեցնել, եթե ձեռք-ձեռքի տանք: Մեզ պակասում է միացյալ աշխատելը: Պետք է միասին աշխատենք Հայաստանի բարօրության համար:

Կանադայում, Ամերիկայում, Լիբանանում ապրող հայերի համար Հայաստանն իրենց երկիրն է, տունը: Հեռվից խոսելով չէ, որ պետք է օգնենք այս երկրին, այլ այստեղ գործելով: Հեռվից խոսելը շատ հեշտ է:

Հայրենիքին օգտակար լինելը յուրաքանչյուրիս պարտականությունը պետք է լինի: Մենք չպետք է Հայաստանից որևէ բան սպասենք, այդ մենք է, որ Հայաստանին որևէ բան պիտի տանք:

Լուսինե Աբրահամյան

IMG_9802Էդուարդ Մասնուկյան

Scroll Up