Չափազանց կարևոր է Սփյուռքի պահանջների և պետական կարիքների ուսումնասիրությունը. Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշանակման օրվանից հանդես է գալիս գրքասեր հասարակաությանը ոգևորող մի շարք նախագծերով: Հենց այսօր կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն համաձայնագիր ստորագրեցին՝ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի հրատարակության շուրջ։

«Ժամանակակից գրականության հարցում վերանայել ենք պետական քաղաքականությունը: Առաջիկայում աջակցությունը կնպատակաուղղենք հեղինակների հանրահռչակման ծրագրերին: Նաև հատուկ դրամաշնորհներ ենք տրամադրելու հայ ժամանակակից գրողների թարգմանությունները հրատարակող օտարերկրյա հրատարակիչներին, հայտնում է wnews.am-ը:

Չափազանց կարևոր է շուկայի ուսումնասիրությունը, որը պետք է պարզի ներքին, արտաքին, ինչպես նաև Սփյուռքի պահանջները և պետական կարիքները։ Այդ ուսումնասիրությունը պետք է ծառայի և′ մշակույթի նախարարությանը, և′ մասնավոր հրատարակիչներին՝ առավել ճիշտ կողմնորոշվելու գրահրատարակչական շուկայում։ Դա արդյունքում կօգնի նաև տաղանդավոր հեղինակներին, այդ թվում՝ երիտասարդ։

Ինչ վերաբերում է պետական պատվերով հրատարակություններին, ապա երկրորդում ենք Ձեզ, որ ժամանակակից երիտասարդ տաղանդավոր գրողները մյուսների հետ նաև 100 տոկոս պետական աջակցությամբ հնարավորություն են ունենալու տպագրելու իրենց գրքերը, որոնք մեր գրադարանների միջոցով կբաժանենք հանրապետության բոլոր գրադարաններին, ՀՀ դեսպանատներին, Սփյուռքի հայկական կառույցներին, մշակութային կենտրոններին, դպրոցներին։ Կազմակերպելու ենք շնորհանդեսներ, հեռուստառադիոհաղորդումներ, ժամանակակից գրողների գրական մրցանակաբաշխություն և այլն։

Գրահրատարակչական գործառույթի մեջ ավելացրել ենք սահմանափակ կարողություններով մարդկանց համար գրքերի հրատարակությունը, մասնավորապես՝ կույրերի» ,-նշում է նախարարը:

Scroll Up