Բուխարեստում ներկայացվել է Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» գիրքը
Ռումինական «Մետեոր Պրես» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանացի լրագրող, պատմաբան Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը՝ Ալեքսանդրա-Կատրինա Սիորնեի թարգմանությամբ:
«Հայերն այսօրի» տեղեկացմամբ՝ գիրքը ներկայացվեց նոյեմբերի 18-ին Բուխարեստի «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառում, որն այդ տեսակի մեջ ամենամեծն է Ռումինիայում: Միջոցառմանն այդ արժեքավոր աշխատության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ու նրա հետեւանքների մասին խոսեցին պատմաբան Սորին Անտոխին, «Հիստորիա» հանդեսի գլխավոր խմբագիր Յոն Յոնիցան, ռումինահայ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
«Գրքում առաջին անգամ ներկայացված են Վատիկանի գաղտնի արխիվներից նյութեր Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ոճրի մասին», ծանուցվում է գրքի շապիկի վրա, իսկ որպես բնաբան զետեղված է Ֆրանցիսկոս պապի 2014թ. մայիս 8-ին ասված խոսքերը հայ նահատակների վերաբերյալ: Այդ կապակցությամբ գրքի ներկայացմանը ներկա էր նաեւ Ռումինիայում պապական պատվիրակ գերապայծառ Միգուել Մաուրի Բուենդիան:
«Մետեոր Պրեսը» հայկական թեմաներով անցյալ տարիներին հրատարակել է մի շարք այլ գրքեր, իսկ մյուս տարի հրատարակության է պատրաստում Սորին Անտոխիի հատորը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ի դեպ, նոյեմբերի 20-ին «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառում ներկայացվեց նաեւ Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի զավակները» նոր վեպը: Այն «ռումինների ինքնության մատյանն է», ինչպես «Շշուկների մատյանը» հայերի համար, ասաց հեղինակը: Վեպը հրատարակել է Պոլիռոմ հրատարակչությունը: