Գարու՜ն Երևան, սիրու՜ն Երևան …

Ինձ թվում էր՝ շրջում եմ ախորժելի աղմուկով լեցուն երևանյան բակերով, շնչում վաղորդյան թարմ օդի ծաղկավետ բույրը, հագենում խայտացող, ցայտող աղբյուրների՝ արտասուքի պես հստակ ու սառնորակ ջրով, ականջ դնում երկնասլաց բարդիների խորհրդավոր սոսափին, ըմբոշխնում քաղաքիս քարացած երաժշտության գեղեցկությունը, հիանում թամանյանական կառույցների անկրկնելի համադրությամբ ու նրանց ‹‹քարե նազանքով››, ունկնդրում հեքիաթային  կախարդական աշխարհի նման զարմանահրաշ  երգող շատրվանների զվարթ համերգը, զմայլվում ժամանակակից Երևանի խորհրդանիշներից մեկի՝ արվեստի բոլոր ժանրերն իր մեջ  բովանդակող և յուրատեսակ ամֆիթատրոն հիշեցնող Կասկադի հրաշագեղությամբ, քայլում եմ հայ նշանագրերի գյուտարար ու հայ քերթության հիմնադիր Մաշտոցի անունը կրող լայնահուն պողոտայով և դյութվում հնադարյան մագաղաթյա մատյանների բուրմունքով… և վերստին ու կրկին համոզվում, որ իմ Երևանն ինքը մի վարդագույն քարե մագաղաթ է, քարե խոսուն մատյան…

_DSC0341

Սիրելի՛ընթերցող, այս զգացողությունը համակել էր ինձ  համայն հայության     մայրաքաղաք Երևանի ծննդյան 2795-ամյակին նվիրված տոնահանդեսի ընթացքում. հոկտեմբերի 20-ին Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանի ղեկավարությամբ  հայ համայնքի մշակույթի կենտրոնի մեծ ու գեղեցիկ հանդիսասրահում անկացվեց  ‹‹Երևանը երգերի մեջ››  պերճախոս ու նախշազարդ խորագիրը կրող ցերեկույթը, որում ընդգրկվել էին  ‹‹Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ›› գրական-ազգագրական ստուդիան (գեղ.ղեկավար՝ Էլեն Պողոսյան), մշակույթի տանը գործող  ‹‹Արաքս›› վոկալ խումբը (գեղ.ղեկավար՝ երաժշտական մրցույթների ու փառատոնների դափնեկիր, համանուն ստուդիայի սանուհի Սիրանուշ Մինասյան) և  բազմաթիվ մրցույթների դափնեկիր ‹‹Բարեկամություն›› պարային համույթը (գեղ.ղեկավար՝ Խաչատուր Աբաջյան) :

Բեմահարթակը հագեցած էր   Արարատյան պերճ հովիտը և այդ արևաշող հովտի փառահեղ պսակը կազմող սրբազան Մասիսների ստորոտում՝ Ավետյաց երկիր դրախտավայրում գտնվող իմ հնադարյան ու նոր Երևանը ներկայացնող դեկորացիաներով, գեղեցիկ պատկերներով ու տեսարաններով:  Իմ Երևանը՝ վաղորդյան մարգարիտներով ցողված, Արարատյան կանաչազարդ հովտին փարված՝

                         Օրս ուր բացվում, ուր էլ մթնում է՝

                        Գալիս՝ գտնում է, գալիս՝ մտնում է երգերիս մեջ…

    Թվում էր՝ նրանց վրա շողարձակում են բիբլիկան լեռան՝ մշտնջենական ձյունով պարուրված պսակաձև գագաթները… Արարատն իր գերող հայացքով շոյում է գեղեցուհի Երևանին, նա էլ ամոթխած ժպտում է,  ու նրա ժպիտը սփռվում է Արարատյան թագավորության վրա… Հայոց 12 մայրաքաղաքների անունները կրող   ժապավեններով զուգվել էին հավիտենական կյանքը խորհրդանշող՝ Եդեմի պարտեզի կենաց  ծառի տեսքով ձևավորված ճյուղերը, որոնց հովանու ներքո բազմել էր սեպագիր արձանգրությունը՝ Էրբեբունի-Երևանի հիմնադրման քարեղեն վկան ու առհավատչյան, որ Երևանը եղել է հնագույն քաղաքակրթության օջախներից մեկը:

IMG_0003

Ցերեկույթը բացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեշնորհ հայր Լևոնի իմաստալից խոսքերով. շնորհավորելով համայնքի ղեկավարությանը և ներկա հայրենակիցներին աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Էրեբունի-Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ՝ հայր սուրբն ընդգծեց, որ նման տոնակատարություններն սփյուռքում քաղաքամայր Երևանի հանդեպ տածած՝ մեր անեզրական սիրո ու անուշ կարոտի ցայտուն վկայությունն են, որ Արարատի սուրբ լանջերին փռված դարավոր ու նոր Երևանը ամեն մի հայի մտքի ու սրտի քաղաքն է, և մենք հպարտ ենք, որ նրա զավակներն ենք,  ինչպես յուրաքանչյուր քրիստոնյա հայ Միածնաէջ մայր քաղաքի զավակն է, որը հայոց հավատքի մայրաքաղաքն է…

Հոգեշնորհ հայր սուրբի խորհրդով հանդիսասրահը ողողվեց Տերունական աղոթքի աստվածային հնչյուններով:

Հնչեց Հայաստանի օրհներգը, և դահլիճում ծածանվեց ‹‹ծուխը մեր ծիրանի՝ սիրած դրոշն հայության››, որից հետո‹‹Էրեբունի-Երևան›› օրհներգի մեղեդիների ուղեկցությամբ  հանդիսավորությամբ ներս բերվեցին Երևանի դրոշն ու զինանշանը, քանզի Երևանը մեր նոր Տիգրանակերտն է, Արտաշատը, Դվինը, Անին ուՍիսը    միաժամանակ, և դարձել է սուրբ ուխտավայր աշխարհով մեկ ցրված հայերի համար:

Վեհաշուք տեսքով բեմ է բարձրանում Բիայնա երկրի արքան Արգիշտի (դերակատար՝ Արթուր Խաչատրյան), որը անառիկ բերդեր էր կառուցում և փորագրում Երևանի ծննդյան սեպագիր վկայականը: Ասես դարերի խորքից լսվում էր նրա հուժկոււ ձայնը ‹‹Ես՝ Արգիշտին, Մենուայի որդին …›

Այսօր ‹‹Երևանում տոն է››…հնչում է Վարդան Կարապետյանի երգը և բոլորին հրավիրում մասնակցելու Երևանի ծննդյան  տոնակատարությանը: Երևանյան դրոշի գույներով երանգավորված հանդերձներով բեմ են բարձրանում Տաթևիկ և Արևիկ Արմենակյաններն ու ‹‹Երբ բացվում է առավոտը›› երգով ‹‹հայի սրտին››՝ նրա հարազատ քաղաքին մաղթում են.

– Քեզ բարի՜լույս, օրդ՝ բարի՜…

Տոնական հագնված գեղեցկատես հաղորդավարուհիներ Ազգանուշ Վարդանյանը և Մարիանա Միքայելյանը իրար հաջորդելով՝ բարձր տրամադրությամբ և սահուն հայերենով բազմաբովանդակ տեղեկություններ են ներկայացնում Երևանի մասին,

քնարական քնքուշ մեղեդիների ներքո ասմունքում են նրան ձոնված լիրիկական ստեղծագործություններ և գեղեցիկ ձայնով ազդարարում ելույթ ունեցողների անունները.  Հայաստանի վարդագույն զարդի՝ քաղաքամայր Երևանի գովքն է հնչում, նրա հանդեպ արտացոլած  անհուն սիրո ու կարոտի մոտիվն է թևածում բազմաշնորհ պատանիներ ու նրանց կրտսեր ընկերներ Էրիկ Հակոբյանի, Արթուր Թազագյուլյանի, Վարդան Կարապետյանի, Գարիկ Ղազարյանի և շնորհալի ու գեղանի աղջիկներ Սիրանուշ Մինասյանի, Քրիստինե Դանիելյանի, Վերոնիկա Վանյանի, Լուսինե Ավանեսյանի և Արուսյակ Բազիկյանի ասած երգ ու տաղերում՝‹‹սրտի խաղերում››.

                – Ուր էլ գնամ՝ քեզնով եմ լի, քեզնով եմ տաք,

    Քարին բացված քարե՛ ծաղիկ, իմ նո՛ր քաղաք

Բազմադարյան, հնամենի ու նոր Երևանը հասակակիցն է Բաբելոնի ու Հռոմի: Ուստի   հավերժական  քաղաքի կողմից հանդիսավոր ողջույն էր՝ հղած Երևանին, Օդեսայի կոնսերվատորիայի  ուսանող, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Գարիկ Ղազարյանի՝ գեղեցիկ բարիտոնով  կատարած իտալերեն երգը: Նրա հրաշալի, հզոր ձայնը կարծես թափ առավ, գնա՜ց…  Հիացումի  սքանչելի,  աննկարագրելի պահեր էին…

_DSC0346

ՈՒնկնդիրներին հաճելի անակնկալ մատուցեց  քնքուշ ու նազանի հայուհի,  կոնսերվատորիայի շրջանավարտ, դաշնակահարուհի ու երգահան Գայանե Ասատրյանը.  շնորհալի հաղորդավարուհի Ազգանուշ Վարդանյանը հայտարարում է.

‹‹Ջա՜ն, իմ Երևան››. խոսք ու երաժշտությունը՝ Գայանե Ասատրյանի. կատարում է հեղինակը:

Հոգեթով երգերով հանդես եկավ ‹‹Արաքս›› վոկալ համույթը և դահլիճը հաճույքով ձայնակցեց նրան:

Հազար գեղեցկություն ունի Երևանը. չքնաղ է նա իր նազանքներով. չքնաղ է Երևանս օրվա բոլոր պահերին՝ թե՛ արևոտ միջօրեին,  թե՛աստղազարդ գիշերին…        Տաթևիկ և Արևիկ Արմենակյան քույրերի երգի Երևանը շողշողում էր հազարագույն լույսերի մեջ, երբ խոնարհվում է արեգակը դեպի մայրամուտ, և երեկոն իր թուխ վարսերն է փռում ու կկոցում իր սև աչքերը.. .Երևանն ընկղմվում է լույսերի ծովում…        Գեղեցիկ է նա իր կապուտակ գիշերներով ու փողոցներում քայլող սիրահար զույգերով: ‹‹Անուշիկ ու ջահել  յար››. Արթուր Թազագյուլյանի սիրո տաղը նվիրված էր սիրուց վառված այտերով ու զույգ սևորակ աչերով  կամարահոնք ու սիրուն աղջիկներին Երևանի:

Օդեսայում անցկացված՝ երգի միջազգային 4-րդ փառատոնի դափնեկիր, ակորդեոնահար Արթուր Այվազյանի կատարմամբ հնչեց ‹‹Հայուհի գեղեցիկ›› նվագը, որը սիրահարված տղաների սիրով լեցուն սրտի խաղն էր ասես:

Իմ փառապանծ ազգի մայր քաղաք Երևանի թռչող փառքի՝ քաղցր հնչող ու կարոտագին սիրով կանչող երգերը ուղեկցվում էին  դաշնամուրային և ակորդեոնային երաժշտությամբ:

Կատարողական բարձր արվեստի շնորհիվ միջոցառմանը տոնական տեսք հաղորդեցին ու հանդիսատեսներին խանդավառեցին նաև բազում պարգևների արժանացած ‹Բարեկամություն›› պարային համույթի ելույթները: Պարող տղաներն իրենց ձեռքերին ունեին Արարատյան սևաչ խաղողով ու թավշյա դեղձով, կարմրահատ ու արևահամ նռով լի ուռենահյուս զամբյուղներ, որոնց միջից կարմրին էին տալիս մասրենու հատապտուղները, իսկ նազանի պարուհիներն ուսերին կրում էին այդ մրգերից պատրաստած անուշահամ գինով լեցուն երկարաճիտ սափորներ:

Մեծ էկրանին ցուցադրվող շոուն մեկ անգամ ևս հավաստեց, որ  Երևանը պատմամշակութային կոթողների մի հրաշագեղ համայնապատկեր է, որ  նա անհամար բարձրագույն կրթօջախների քաղաք է և համաշխարհային  գրքի մայրաքաղաք, որ սիրտն է սուրբ հողի Նաիրյան ու մեր վերջին հանգրվանը:

IMG_0022

  Ցերեկույթը, ճիշտ կլիներ ասել, Էլեն Պողոսյանի ներկայացրած  ‹‹Երևանը երգերի մեջ››  կինոհամերգը եզրափակվեց  հայկական կոլորիտ արտահայտող բակի տեսարանով. բեմահարթակին երևանյան բակի տիպիկ ու բնորոշ պատկեր էր՝ հանգստի տաղավարում նարդի ու շախմատ խաղացող մեծահասակներով, վազվզող ժրաջան փոքրիկների աշխույժ աղմուկով, հերարձակ ուռենու խոնարհված վարսերի շվաքում խմբված դպրոցական ընկեր-ընկերուհիների հաճելի զրույցով, և ի վերջո՝ ‹‹տուն դարձող քարավանով››, քանզի՝

               – Քո անուշ հայոց խոսքով, քո Մասիս սարի տեսքով     

Ինձ ես կանչում, իմ կյա՛նք Երևան։  

Երևա՛ն, ի՛մ սեր, իմ ե՛րգ ու երա՛զ, իմ անգին քարե՛ վարդ, իմ ծաղկավե՛տ քաղաք, դու ոստա՛նն ես համայն հայության,‹‹մեր փոքրիկ հողի դու մե՛ծ երազանք››…դու՝

                   Իմ ժողովրդի վառ աչքերի լու՜յսն ես, Երևա՛ն,

                Իմ  Հայաստնի հու՜յսն ես, Երևա՛ն…

Հավերժ   օրհնյ՜ալ   լինի   ծնունդը   քո …

Նարինե   Մուրադյան                                                                                 

‹‹Վերնատուն›› համայնքաթերթի թղթակից , ք.Օդեսա

Scroll Up