Թո՛ղ օրհնյալ լինի Ձեր հայանպաստ, մարդասիրական գործունեությունը

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված Լոս Անջելեսի «Իրանահայ միության» խնամակալ մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը. ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ զրույցը:

-Պարո՛ն Ալեքսանյան, միշտ էլ ցանկալի ու հաճելի է Ձեզ տեսնել Սփյուռքի նախարարությունում, այսօր՝ նաև մեր խմբագրությունում. բարո՛վ եք եկել: Պատմե՛ք, խնդրեմ Ձեր անցած ճանապարհների, ծավալած ազգանպաստ գործունեության մասին:

Սկսեմ իմ ծնունդից և արմատներից. ծնվել եմ Թեհրանում, մայրս ծնվել է Նոր Ջուղայի շրջանում, հայրս՝ Թիֆլիսում: Մանկուց մեծացել ու դաստիարակվել եմ ազգային բարձր արժեքներով ապրող ընտանիքում, ուր հայրենասիրությունը լոկ խոսքերով ու բառերով ասված պատգամ չէր, այլ՝ ապրելակերպ, ամրագրված կենսակերպ ու հավատամք: Մանկության տարիներից մասնակցել եմ Թեհրանի «Արարատ» մշակութային կազմակերպության աշխատանքներին: Եղել եմ միության բասկետբոլի թիմի համակարգողը: Մեկնել եմ Անգլիա, այնուհետև վերադարձել եմ Իրան և աշխատել «IBM» համակարգչային ընկերության մասնաճյուղում: 1979-ին, երբ Իրանում հեղափոխական իրավիճակ էր ստեղծվել, ես հաստատվեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր մեկ տարի անց հիմնեցի իմ սեփական՝ համակարգչային ծառայություններ մատուցող ընկերությունը, որը մինչ այժմ գործում է: Ես համոզված էի, որ կոմերցիոն գործունեությանս արդյունքի մի մասը պետք է ծառայեցնեմ ազգիս, Հայրենիքիս կարևոր խնդիրներին: ԱՄՆ-ում ես բարեկամացա հայրենասեր հայերի հետ, ովքեր հետագայում բարոյական և ֆինանսական նեցուկ եղան ինձ՝ հայանպաստ գործերում:

-Դուք նաև «Իրանահայ միության» նախագահն եք եղել. ե՞րբ է այն հիմնադրվել և ի՞նչ գործունեության շրջանակներում է գործում:

միություն

Իրանահայ միության շենքը

միություն1

Իրանահայ միության շենքը

– «Իրանահայ միություն»-ն ունի 60 տարվա պատմություն. այն ստեղծվել է 1956 թվականին, Ամերիկայում: Վերականգնելով այդ միությունը՝ մոտ 20 տարի եղել եմ այդ միության նախագահը և 37 տարի անդամ եմ եղել. սկզբում եղել եմ միության Երիտասարդաց բաժանմունքի նախագահ, հետո դարձա կենտրոնական վարչության անդամ, այնուհետև՝ կենտրոնական վարչության նախագահ, որից հետո՝ հաշվեքննիչ մարմին, այսինքն՝ 37 տարի տարբեր-տարբեր «գլխարկներ» եմ կրել, իսկ այժմ «Իրանահայ միության» խնամակալ մարմնի անդամ եմ և գործադիր տնօրենը: Միության շրջանակներում ընդգրկվածներս աշխատում ենք կամավորական հիմունքներով, գումարներ ենք ներդնում, ծրագրեր իրականացնում: Միայն Լոս Անջելեսի «Բարև» հեռուստածրագրի կողմից անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր մոտ 400 հազար դոլար՝ օգնելու ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված, վիրավորված զինվորների ընտանիքներին: Ես աշխատել եմ տարբեր կազմակերպություններում. 6 տարի եղել եմ Ամերիկայի արևմտյան շրջանի շրջանային վարչության ՀԲԸՄ-ի փոխատենապետը: Այնտեղ «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության հիմնադիր-անդամներից եմ եղել և երկրորդ նախագահը. մենք 100 հայ աշակերտից հասցրեցինք այդ թիվը մինչև 1200-ի: 1993-ից մինչև 2002-2003-ը եղել եմ Ամերիկայի «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի ատենապետը: 1996-ին, երբ կազմակերպվեց առաջին հեռուստամարաթոնը, ես ներդրում կատարեցի, մասնակցեցի աշխատանքներին՝ որպես համակարգչային կարգավորումների մասնագետ: Մինչ այդ էլ «Արցախ» ֆոնդը կար, էլի հեռուստամարաթոններ կային, որի ընթացքում մենք դրամ էինք վաստակում, հետո արդեն ստեղծվեց «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը: Ընդգրկված եմ AABC-ում՝Armenian-American Business Council`Հայ-ամերիկյան գործարարության խորհրդի կազմում, որը գործում է ԱՄՆ-ում՝ Հայաստանի դեսպանատան հովանավորության ներքո: Խորհրդ նպատակն է հայկական ապրանքատեսակները պատշաճ ներկայացնել ԱՄՆ-ում, խթանել ՀՀ-ում ներդրումների ավելացումը:

-Հարգելի՛ հայրենակից, Դուք Ձեր ակտիվ մասնակցությամբ մեծ ներդրում ունեք նաև «Հայ զինվոր» բարեգործական հիմնադրամի ստեղծման և իրականացվող աշխատանքների գործում. պատմե՛ք մեր ընթերցողներին այդ մասին:

-Ապրիլյան քառօրյ պատերազմը ցնցեց բոլորիս. մենք և՛ սգացինք, և՛ հպարտացանք մեր զինվորների համար. ո՞վ կարող էր անտարբեր մնալ. արդեն ասացի, որ կազմակերպվեց հեռուստամարաթոն, որի ընթացքում հավաքված գումարը մեր օգնությունն էր այդ հերոսների ընտանիքներին: Ամեն մեկի ընտանիքին տարեկան տրամադրվեց 2000 ամերիկյան դոլար: Հեռուստամարաթոնն ամենամյա բնույթ է կրելու: Ապրիլյան քառօրյայի հետ կապված հեռուստամարաթոնը կազմակերպելուց հետո, մայիսին մենք եկանք Հայաստան, մեզ տվեցին զոհվածների և վիրավորների ցուցակը՝ մոտ 110 հոգու, 160 ընտանիքի հետ կապվեցինք. որոշել էինք ամեն ընտանիքի տրամադրել 2000–ական ամերիկյան դոլար, սակայն եղան վիրավորներ, ովքեր պետք է իրենց բուժումը շարունակեին ստանալ Գերմանիայում, ուստի մենք նրանց ավելին տրամադրեցինք՝ 4000, 5000, 6000-ական ամերիկյան դոլար: Մինչև մեկնելս՝ ես նախարարին խոստացել եմ ներկայացնել ցուցակները, մեր գրանցած բոլոր տվյալները:

-Պարո՛ն Ալեքսանյան, ուրիշ ի՞նչ աշխատանքներում եք ներգրավված:

-Վերջին 15 տարիներին ստեղծեցինք մի փոքր հիմնադրամ, որի նախապատմությունն այսպես սկսվեց. մի օր ինձ մոտ եկավ «Քաջ Նազար» թերթի խմբագիր Հովհաննես Բալայանը և ասաց, որ «Ոզնի» թերթի հետ համագործակցությամբ իրենք մոտ 10-15 հազար դոլար են հավաքում՝ երեխաների համար համերգ կազմակերպելու և ամանորյա նվերներ բաժանելու, խնդրեց, որ օգնեմ՝ ընդլայնելու այդ ծրագիրը, որպեսզի կարողանանք նաև մարզերում լինել: Ես տվեցի իմ համաձայնությունը. հեռուստամարաթոն կազմակերպեցինք՝ 10-15 հազարից գումարը հասցնելով 80-ից 200 հազար դոլարի: Ամեն տարի մենք հավաքված գումարները տրամադրում ենք այդ երեխաներին, բացի այդ՝ ավելացած գումարները որոշեցինք տրամադրել որբանոցներին. սկսեցինք Խարբերդի հաշմանդամ երեխաներին տրամադրել, վերանորոգեցինք նրանց ՝շատ անմխիթար վիճակում գտնվող կացարանը: Հետո գնացինք այլ մանկատներ: Վերջին երկու տարիներին գնացինք Գյումրի, ուր մեծ մանկատուն կար, որը շատ անմխիթար վիճակում էր, հիմա այն կոչվում է «Յոթ հրեշտակաց» մանկատուն: Այն հիմնովին վերափոխեցինք, ընկերս վարագույրների հարցը լուծեց, կահավորեցինք: Գյումրիից հետո մենք արդեն նոր ծրագիր ենք մշակում: Մենք ունենք շատ մեծ բարերարներ՝ տեր և տիկին Անթաբլյանները, ովքեր մինչ իմ գալն արդեն եղել են տիկին Հրանուշ Հակոբյանի մոտ, խորհրդակցել, թե ինչպես և ուր ուղղորդեն իրենց օգնությունը:

-ՀՀ սփյուռքի նախարարության հետ ե՞րբ եք բարեկամացել:

-Դեռևս ստեղծման օրերից. ես նախարարուհու հետ շատ մոտ եմ եղել անցյալում: Առաջին կամուրջը նախարարության հետ եղավ մեր ուղիղ կապը «Իրանահայ միության» կողմից, որը ես կազմակերպեցի. մեր բոլոր՝ հայկական մոտ 30 վարժարանների տեսչուհիները եկան միություն. օրվա թեման հայկական վարժարանների ուսուցչուհիների համագործակցության մասին էր՝ կապված ուսուցման մեթոդների հետ:

-Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք:

-Այո՛: Առավել ու լիարժեք երջանիկ կլինեմ Հայրենիքիս ու հայրենակիցներիս երջանկությամբ: Ամեն մարդ պետք է իր ազգային ինքնությունը ճանաչի: Հայրենիքի հզորությունը մեր բոլորի հզորությունն է: Իմ բախտավորությունը տեսնում եմ զավակներիս երջանկության, հայ հոգով մեծանալու և համայնքիս հզորության մեջ: Մեր հայացքը պետք է միշտ ուղղված լինի Հայրենիքին:

-Զարմանալի ու հիասքանչ են մեր հայրենակիցների քրիստոնեավայել բարեսիրական գործերը, որոնց շարքում Դուք առանձնանում եք նաև մեկ այլ բարեգործությամբ, այն է՝ Հայաստանում Ձեր կողմից որդեգրված աղջիկ ու տղա ունենալու, Հայաստանում մկրտության կնքահայր լինելու հանգամանքը: Պատմեք նաև Ձեր մեծ ընտանիքի մասին:

-Կինս մահացավ, երբ աղջիկս ու տղաս փոքր էին՝ 5-6, 7 տարեկան: 1994 թվականն էր, երեխաներին էինք օգնում այստեղ, բերեցին քույր ու եղբոր՝ Մարինեին ու Մհերին, ովքեր գրեթե իմ երեխաների տարիքին էին, հայր չունեին, մայրը Ռուսաստանում աշխատում էր. ես որոշեցի նրանց որդեգրել ու տիրություն անել: Նրանց կրթության տվեցի, մասնագիտացան, այժմ աղջիկս՝Մարինեն, արդեն ամուսնացել է, թոռնիկ ունեմ: Այս զավակներս ապրում են Էջմիածնում, ես այնտեղ եմ լինում՝ ինչպես իմ տանը: Ես Մարինեիս հարսանիքին եմ եղել՝ ինչպես հարազատ հայր: Մարինեն այնքա՜ն հոգատարությամբ է ինձ համար կերակուր պատրաստում և հարցնում՝ հայրի՛կ, ի՞նչ կուտես: Անցյալ տարի մի ընտանիքում եղա, ուր բոլորն ազատամարտիկ էին, մի տղան էլ նոր պետք է ծառայեր Հայոց բանակում և մկրտված չէր, շաբաթ գիշերը մեծ կնունք արեցինք, ու ես դարձա երիտասարդի կնքահայրը:

To

Թոմիկ Ալեքսանյանը Մհերի և Մարինեի հետ

-Ձեր կենսաբանական զավակները չե՞ն խանդում Ձեր որդեգրած զավակներին…

-Ոչ, բնա՛վ, նրանք իրար հետ շատ կապված են և շատ են սիրում իրար, իսկ ես ոչ մի տարբերություն չեմ դնում իմ 4 զավակների միջև: Աղջիկս ամուսնացավ հայաստանցի հրաշալի հայորդու հետ: Իմ կենսաբանական զավակները կայացած, հրաշալի մասնագետներ են իրենց բնագավառներում: Ընդհանրապես, բոլոր երեխաների հետ կապված եմ, ուր որ գնում եմ, նրանք ուրախությամբ ու կարոտով ընդառաջ են գալիս ինձ:

tomik alexanyan.jpg2

Թոմիկ Ալեքսանյանի որդին

tomik alexanyan.jpg1

Թոմիկ Ալեքսանյանի աղջիկը և փեսան

-Ձեր բոլոր բարեգործությունների գլուխգործոցն է այս զգայացունց պատմությունը, հիացա՛ծ եմ Ձեր հայ մարդ տեսակով. շնորհակալությո՛ւն, պարո՛ն Ալեքսանյան,թո՛ղ օրհնյալ լինի Ձեր հայանպաստ, մարդասիրական գործունեությունը:

Կարինե Ավագյան

Scroll Up