Հայ ճարտարապետներն աշխարհում. Գյուլիզար Ջոնյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության հետ համատեղ, սկսում է նոր շարք՝ «Հայ ճարտարապետներն աշխարհում» խորագրով, որի նպատակն է ներկայացնել համահայկական ընկերակցության աշխատանքները, աշխարհի տարբեր երկրներում գործող ներկայացուցչությունների գործունեությունն ու անդամներին:
«Ինձ հետ տանում եմ կրկին Հայրենիք գալու երջանկության բաղձալի զգացումը». Գյուլիզար Ջոնյան
-Տիկի՛ն Ջոնյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այցը Հայրենիք. եկել էիք՝ մասնակցելու երկրի Անկախության հռչակման տոնական միջոցառումների՞ն, վայելելու աշնանային Հայաստանի գույները և Ձեզ հետ տանելու՞ այդ գույներից, թե՞ պարզապես կարոտի թևերով եք այստեղ:
-Երկո՛ւսն էլ. միշտ էլ երկուսը միասին ենք համադրել, ձգտել ենք տարին գոնե երկու անգամ Հայաստան գալ, այստեղ լինել ապրիլյան օրերին, որպեսզի այցելենք Ծիծեռնակաբերդ, մեր հարգանքի տուրքը մատուցենք 1915-ի անմեղ զոհերի հիշատակին և գալ սեպտեմբերին՝ ներկա գտնվելու Անկախության տոնի միջոցառումներին: Ինչ վերաբերում է աշնանն, ասեմ, որ հայրս՝ Գրիգոր Ջոնյանը, ով նկարիչ-քանդակագործ էր, շատ էր սիրում աշնանային գույները, տերևներ էր բերում տուն (մենք Իրաքում ենք ապրել) և ասում՝ ասի ալ աղվո՛ր է, բայց Հայաստանինն ուրիշ է…Մենք շատ հաճախ ենք ճամփորդում աշխարհով մեկ, սակայն առաջին հերթին ձգտում ենք Հայաստանում լինել:
-Դուք ճարտարապետ եք, Աբու Դաբիի կանանց համակարգող խորհրդի նախագահ, գործարար, մանկական գրքերի հրատարակիչ…նշվածներից և չնշվածներից ո՞ր ոլորտն եք ամենից շատ կարևորում և որու՞մ եք, Ձեր կարծիքով, առավել կայացած ու հաջողակ:
-Ես ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության միության (PAAAE) հիմնադիր-անդամ եմ, որի համակարգող խորհրդի համանախագահներն են Վահե և Գոհար Թութունջյանները, Աշոտ Գրիգորյանը: Իհարկե, ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ. կրթությունս՝ BSC աստիճանի, ստացել եմ իմ ծննդավայրում՝ Իրաքի Բաղդադ քաղաքում, շարունակել եմ սովորել Անգլիայում՝Լոնդոնում, սակայն աշխատել եմ և՛ իմ մասնագիրտությամբ, և՛զբաղվել եմ ու շարունակում եմ զբաղվել հասարակական աշխատանքով, գործարարությամբ: ճարտարապետությունն ինձ շատ սրտամոտ է. եթե անգամ չաշխատեի իբրև ճարտարապետ, միևնույն է, անչափ ուրախ եմ, որ ուսանեցի ճարտարապետություն, որովհետև այն ինձ շատ բան սովորեցրեց՝ տեսնել գույները, գծերը, նախշերը, անգամ երաժշտություն է սովորեցրել. այն ինձ համար գունային ձայն է, նկար, քանդակ, բնություն…Ճարտարապետությունն ինձ շատ է օգնել տարբեր ոլորտներում: Սիրելով հանդերձ իմ մասնագիտությունը՝ դեռ երիտասարդ տարիքից ես անցել եմ կառավարման ոլորտին, ինձ գտել ու կարողացել եմ դրսևորվել այդ դաշտում: Սիրում եմ ստեղծել ու կառավարել նախագծեր. սիրում եմ լինել զբաղված և սիրում եմ ընտրել դժվար ճանապարհ: Ես շատ եմ կարևորում կնոջ դերը հասարակական-քաղաքական կյանքում,գործարարության ոլորտում և միշտ մտածել եմ՝ ինչպես կարելի է կանանց առաջ տանել. կինը կարող է աշխատել որևէ տեղ, օգնել իր ընտանիքին, իր ամուսնուն, սակայն նա պետք է նաև առաջընթաց ունենա, ներգրավվի հասարակական աշխատանքներում, նա պետք է սովորի տիրապետել առաջնորդողի կամային հատկանիշներին, հռետորական խոսքին: Հայ կինը, եթե ցանկանա, կարո՛ղ է հասնել այս ամենին: Ինձ շատ են հրավիրում տարբեր տեղերից և խոսում եմ, ելույթ եմ ունենում կոնգրեսներում, բացատրում, թե կինն ինչպես պետք է բարձրանա, առաջադիմի: Ես Հայաստանում մասնակցել եմ նաև AIWA-ի ժողովներին, հրավիրված եմ եղել. սա՛ էլ լավ մտահղացում է, սակայն ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունի, սակայն ես նախապատվությունը տալիս եմ առաջ գնալու ցանկություն ունեցող կանանց խնդիրներին. այն կինը, մանավանդ՝ հայ կինը,ով ուժեղ է, հզոր ոգի ունի, ոսկե ձեռքեր ունի, ինչու՞ չառաջադիմի…Անշուշտ, դժվարություններ կան, դյուրին չէ, սակայն Հայաստանում, կարծում եմ, դժվար չէ: Տեսեք՝ Արաբական Միացյալ Էմիրություններում նախարարների 30 տոկոսը կանայք են, իսկ այստեղ տղամարդիկ են գերակշռում, Աբու Դաբիում պառլամենտի ղեկավարը կին է, ճարտարապետ: Այո՛, նաև մանկական գրքերի հրատարակիչ եմ, ինչպես նաև երկու տարի է, ինչ աղջկաս՝ Աննուշկայի հետ (աղջիկս բիզնես է սովորել և բժշկական մեծ կենտրոնի տնօրեն է) ունենք մի ուրիշ ընկերություն, որը զբաղվում է տարբեր, ձեռնարկների,միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով: Եթե մի գործ է մարդ ձեռնարկում, ապա իր ամբողջ ուշադրությունը պետք է սևեռի դրա վրա, առաջնությունը տա այդ գործին, ավարտի այն, հետո անցնի հաջորդ ձեռնարկին:
-Խոսենք ճարտարապետության ոլորտի մասին. Ձեր կարծիքով Հայաստանում պահպանվու՞մ են արդյոք հայկական ճարտարապետության ավանդույթները. ի՞նչ առաջարկներ ունեք այդ առնչությամբ, ի՞նչ փոփոխություններ կանեիք այդ բնագավառում:
-Հարցումի առաջին մասին կարող եմ պատասխանել՝ այո և ոչ. որոշ տեղերում պահպանվում է հայկական ավանդական ճարտարապետությունը, որոշ տեղերում՝ ոչ: Հուզվում եմ, երբ փողոցներով քայլելիս տեսնում եմ գեղեցիկ, նախշազարդ հին շենքեր՝ անմխիթար վիճակում: Հետո աչքիս են զարնում նորաոճ շինությունները. հնի և նորի միջև շատ է տարբերությունը, չկա նրբանկատորեն մտածված ներդաշնակությունը: Եթե Անգլիայում ուզենաս նորոգում անել, մինչև անգամ ներկի գույնը չեն ընդունում, իրենք են տալիս, այսինքն՝ այդ դաշտը բարձիթողի վիճակում չէ, ամեն մարդ իրավունք չունի և չի կարող բակերն ու փողոցները ձևափոխել, իր ճաշակով նորոգել, ներկել…Կարելի էր և պե՛տք է թե՛ Երևանում, թե՛ Երևանից դուրս՝ մյուս քաղաքներում, մարզերում պահպանել ավանդական ճարտարապետական կառույցները՝ իբրև թանգարանային նմուշներ, իբրև պատմություն. դա զբոսաշրջությանը խթանող լավագույն միջոցներից է նաև: Հնարավորինս պետք է պահպանել հին, գեղեցիկ շինությունների գոնե դիմացի, ճակատային մասերը՝ վերանորեգելով ներսի կողմը: Դրսի մարդկանց չես կարող զարմացնել նորաոճ շինություններով, որոնք հաճախ կառուցվում են ոչ ճիշտ տեղերում՝ ծածկելով մի լավ տեսարան կամ մի գեղեցիկ շենք:
-Տիկի՛ն, Գյուլիզար, շրջել եք աշխարհով մեկ, ապրել ու աշխատել տարբեր երկրներում, տեսել տարբեր քաղաքակրթություններում ձևավորված արվեստի գործեր. ո՞րն է Ձեր նախասիրած ճարտարապետությունն աշխարհի մակարդակով:
–Գեղեցիկ է թե՛ հունական, թե՛ իտալական, թե՛ անգլիական ճարտարապետությունը, սակայն ինձ համար ամենագեղեցիկը հայկական ճարտարապետությունն է. ես աշխարհում շատ գեղեցիկ շենքեր եմ տեսել, պատմամշակութային հոյակերտ կոթողներ, սակայն մեր պատմամշակութային հուշարձանների ճարտարապետական աշխատանքն ասես անձեռակերտ լինի, դրանցում հոգի՛ կա, շու՛նչ…Ի՜նչ խորախորհուրդ է Գեղարդը, ի՜նչ հոյակերտ է Մատենադարանը, շատ հավանեցի Քաղաքապետարանի նոր շենքը, որովհետև գո՛ւյնն է գեղեցիկ, զարդանախշեր ունի. մեր տուֆ քարն այնքա՜ն մեծ հնարավորություն է ընձեռում՝ նորի և հնի, ճարտարապետական յուրովի լուծումներով շինություններ կառուցել: Հարկավոր է շենքեր կառուցելիս նորի հետ անպայման համահունչ ձևով օգտագործել հայկական ավանդական ճարտարապետական տարրերը: Ամեն մի ժողովրդի ճարտարապետությունն իր միջավայրում է պետք օգտագործել. օրինակ՝ մերը չի կարող օգտագործել, ավելի ճիշտ՝ իր առանձնահատկություններով չի կարող բնորոշ լինել Մերձավոր Արևելքի երկրներին:
-Հավանու՞մ եք Արաբական Էմիրությունների ճարտարապետությունը. ավազի մեջ կառուցված այդ ՝ արտաքնապես աչքի զարնող շենքերը. որպես ճարտարապետ՝ ինչպե՞ս եք գնահատում:
– Դրանք, անշուշտ, շատ մոդեռն են. ես առաջինն էի, որ ապակիներով դիզայն արեցի, որը շատ մարդիկ չհավանեցին սկզբում, հիմա արդեն ընդունվում է. այդ երկրում էլ ոչ բոլոր շենքերն են ինձ դուր գալիս: Կան շատ ճաշակով շենքեր, կան նաև՝ վատերը: Եթե մի շենքը թեք է, մյուսը՝ կլոր, մեկ ուրիշր՝ ուղղանկյուն, դա դեռ չի նշանակում, որ դրանք գեղեցիկ են: ՀաՃախ դրանք իրար շատ նման են:
-Ի՞նչ գործունեություն է ծավալում «Կանայք Աբու Դաբիում» կազմակերպությունը:
– Աբու Դաբիում IBWG (Busness Women´s Group) միջազգային գործարար կանանց ասոցիացիան համախմբում է գործարար կանանց, ընկերությունն աջակցում է այդ կանանց՝ իբրև անհատ կայանալու հասարակական-քաղաքական կյանքում, բիզնեսում. նրանք շփվում են միմյանց հետ, խորհրդակցում: Տարբեր ազգություններից աշխատող կանայք են ընդգրկված, ամիսը մեկ-երկու անգամ որևէ միջոցառում ենք կազմակերպում, հրավիրում ենք մասնագետների, ովքեր դասախոսություններ են կարդում կանանց հետաքրքրող թեմաների շուրջ: Աբու Դաբիում մոտավորապես 20 բիզնես-խմբեր կան, սակայն դրանք երկսեռ են, իսկ մեր կազամակերպությում միայն կանայք են: Տարին մեկ անգամ՝ մարտ ամսին, Կանանց միջազգային օրվա առիթով, մենք շատ մեծ միջոցառում ենք կազմակերպում, ճաշկերույթ և տոնում ենք այդ օրը մյուս գործարար խմբերի հետ. նրանք մեր հովանավորության ներքո մասնակցում են այդ միջոցացառումներին: Շատ հետաքրքիր ելույթներ են լինում: Ինձ՝ իբրև ղեկավարի, հրավիրում են ժողովների, որպեսզի ես բացատրեմ, թե ինչպես կարելի է այդ կանանց ոգևորել իրենց ձեռնարկներում: Ասեմ, որ իմ աշխատանքը կամավոր հիմունքներով է, անվճար:
– Տիկի՛ն Ջոնյան, եկաք հայաստանյան տաք աշնան առաջին ամսին՝ սեպտեմբերին ու կրկին տեսաք Ձեր կարոտած Հայաստանը. Ձեր բարեմաղթանքը 25-ամյա Անկախ երիտասարդին՝ Հայաստանին:
– Անկախությունը մեզ համար երազ էր. ամենալավը կկամենամ Հայրենիքիս՝ խաղաղությո՛ւն, բարեկեցի՛կ կյանք, հզոր տնտեսություն…մաղթանքս է, որ Հայաստանից երիտասարդները չգնան: Մենք բոլո՛րս ենք պարտավոր պահպանել ու պաշտպանել մեր 25-ամյա Անկախ երիտասարդին՝Հայաստանին:
-Դուք վայելեցիք Երևանի, Հայրենիքի աշնանային գույները, մասնակցեցիք Անկախության տոնակատարությանը. ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայրենիքից:
-Կարո՛տ, ջերմություն և հնարավորինս շուտ՝ կրկին Հայրենիք գալու երջանկության բաղձալի զգացումը:
Զրուցեց Կարինե Ավագյանը