ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Նյուրնբերգում

Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում նշվեցին նաև Նյուրնբերգի հայ համայնքի ձևավորման 35-ամյակը և Գերմանահայ բժիշկների միության 25-ամյակը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Նյուրնբերգից ընտրված Բունդեսթագի պատգամավոր Գաբրիելա Հայնրիխն ու Գերմանահայ բժիշկների միության նախագահ դոկտոր Մարգարիտա Ասոյան-Լինքը, ով նաև Նյուրնբերգի հայ համայնքի ղեկավարն է:

Շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ բարձր է գնահատում համայնքի դերը հայ-գերմանական հարաբերությունների սերտացման, ինչպես նաև հայ մշակույթն ու ավանդույթները գերմանական հասարակությանը ներկայացնելու գործում:

Միջոցառմանը ներկա էին նաև Բունդեսթագի և Բավարիա երկրամասի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Կատարումներով հանդես եկան Նյուրնբերգի օպերայի մենակատարներ Հրաչուհի Բասենցը, Սուրեն Մանուկյանն ու Գոռ Հարությունյանը` ներկայացնելով հայ և եվրոպացի դասականների ստեղծագործություններ:

Միջոցառման շրջանակներում դեսպան Սմբատյանը երգչուհի Հրաչուհի Բասենցին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:

Scroll Up